Հայ երեխան և ներկա ժամանակը

logo-eco

Բուհերի և մի շարք առաջատար դպրոցների աշակերտների միջև ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի հավակնոր դների ընտրություն: Լրագրողը պատմում է ընտրող հանձնաժողովի աշխատանքների մասին: Բարդ ընտրության արդյունքում արդեն հայտնի են տարբեր անվանակարգերի հաղթողները: Երբ երեխաների ներկա ժամանակը դիտարկում ենք հեռու և մոտիկ անցյալների իրողությունն երի համեմատության մեջ, երբ հայ երեխաների ճակատագրերին առնչվող և դրանք հիմնավորապես որոշող պատմական, սոցիալական, մշակութային, առավել ևս` անցյալի սահմռկեցուցիչ դիվային իրադարձություններում մարտնչած, գոյություն պահպանած, կամ` զարգացող, բարձունքների ձգտումներով հաղթանակող մերօրյա պայծառ հայորդիներին ներկայացնող հոդվածները կողք-կողքի ենք դնում` այսօրվա յուրաքանչյուր հայ երեխայի մեջ տեսնում ենք նաև հեռու և մոտիկ անցյալների կորուսյալ հայորդիներին: Կարծես թե բոլորն էլ գիտեն հայ երեխայի կերպարն ամբողջացնող այս զուտ հայկական գաղտնիքը…

Բուհերի և մի շարք առաջատար դպրոցների աշակերտների միջև ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի հավակնորդների ընտրություն: Լրագրողը պատմում է ընտրող հանձնաժողովի աշխատանքների մասին: Բարդ ընտրության արդյունքում արդեն հայտնի են տարբեր անվանակարգերի հաղթողները:

1

  • «Հայերի ուժը ոգին է: Ճիշտ քաղաքականություն իրականացնելու դեպքում հայը հզոր կլինի» – ասում է հայ դպրոցականը:
  • «Երեխան պիտի իր հայրենիքում մեծանա»-վստահ է ծնողների կամքով օտարության մեջ մանկությունն անցկացրած հայ ուսանողուհին:
  • «Հայաստանն ինքն է իր բարեկամը», ասաց հայ երեխան, երբ նրան խնդրեցին թվարկել մեր երկրի բարեկամներին ու ոչ բարեկամներին:

Ընտրող հանձնաժողովի աշխատանքը շատ հետաքրքիր է: Մրցանակաբաշխությանը մասնակցում են այն բուհերն ու դպրոցները, որտեղ բնագիտական որակյալ ուսուցում կա, ֆակուլտետներ, որտեղ կարելի է էլեկտրոնային արագ զարգացող ոլորտի համար անհրաժեշտ ներուժ գտնել: Հանձնաժողովի անդամների թվում ոլորտի զարգացմանը մեծապես օժանդակած մարդիկ են, ովքեր գիտեն, թե որքան թանկ են այսօր բնագիտական օժտվածությամբ երեխաները մեր երկրի ապագայի համար: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը գերակա հայտարարվելով` կարճ ժամանակում թռիչքային զարգացում է ապահովվել, որակյալ կադրերի մեծ պահանջարկ կա, և նրանց պետք է որոնել յուրաքանչյուր հաջորդ սերնդի մեջ:

Մրցույթի ընթացքում մասնագիտական գիտելիքների պահով հավակնորդը պետք է բացարձակ բարձունքում լինի: Սակայն հաղթելու համար դա քիչ է: Նա նաև ակտիվ մտածելակերպով, դիրքորոշումներով, անգամ` գործունեությամբ աչքի ընկնելով` երկրի ապագայի համար հուսալիության հաճելի զգացում է պարգևում, երբ պատասխանում է ամենատարբեր անակնկալ հարցերի, և, թերևս, ինքն էլ այդ պահին հայտնագործում ինքն իրեն: Ո՞վ է Հայաստանի ապագայի երաշխավոր քաղաքացին և գործիչը: Հանձնաժողովի անդամները նրանց որոնում են նաև մեկը մյուսին հաջորդելով` հանձնաժողովին ներկայացող ուսանողների և աշակերտների մեջ: Մրցանակը նախագահական է, այն տրվում է երկրի բարձրագույն իշխանության նստավայրում, պետության ղեկավարի կողմից և իր մեջ անպայմանորեն պատասխանատվության մեծ լիցքեր է պարունակում ու դրանք փոխանցում մրցանակակրին: Ինչպիսի՞ քաղաքացի է դառնալու մրցանակակիրը հետագայում: Նրա կյանքում արմատական փոփոխություն տեղի կունենա՞ արդյոք, և նա ի՞նչ մեծագործությունների է արժանացնելու իրեն` հանուն իր երկրի պատվի ու առաջընթացի:

Մրցույթի ընթացքը

Ինչպե՞ս հայտնաբերես ուժեղից ուժեղին, հետաքրքիրից հետաքրքիրին, իսկապես հաղթելու արժանավորին:

Բոլոր մասնակիցները սիրով են ընդունվում: Բուհում և դպրոցում նրանք անցել են նախնական փուլը և արդեն մի քայլ առաջ են իրենց ընկերներից:

Դպրոց, ուսանողական առաջին տարիներ, բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա…յուրաքանչյուր աստիճան փոխում է մարդկանց, և դա տեսանելի է:

Անչափ սիրելի է մրցույթի ներկայացած աշակերտների կերպարը: Նրանք սեփական հմայքը պահպանած, մաքուր, ազատախոհ և մեծ ձգտումներից վառվռուն աչքերով հայ երեխաներ են: Միանգամից ապագայի հանդեպ մի մեծ պատասխանատվություն է հառնում ավագների մոտ` այս երեխաները և նրանց բոլոր հասակակիցները ծնվել են երջանիկ ապրելու, ստեղծելու, երկիր շենացնելու, աշխարհի համար մի բարի գործ անելու առաքելությամբ:

Թող որ այդպես լինի:

2

Նոր իրողությունների արտացոլումը

Այս տարվա մասնակիցների մոտ դրական նոր որակ է հայտնվել, ինչի պակասը նախկինում զգացվում էր: Հասարակական ակտիվության բարձրացումն ակնհայտ է: Դպրոցական, թե ուսանող` այս տարի ավելի համարձակ են իրենց գնահատականներում, դիրքորոշումներում: Նրանցից շատերը մասնակցել են սոցիալական տարբեր շարժումներին, ունեն իրենց սեփական տեսակետը, անգամ կարողանում են պատճառաբանված դեմ արտահայտվել նույն այդ շարժումների որոշ պահերին, եթե նկատել են միակողմանիություն, կամ շարժումների մասնակիցների պահվածքում առկա է եղել ընդգծված ագրեսիվություն:

Կա հայ երեխաների և երիտասարդների ևս մեկ թիմ` արտերկրից ժամանած հայորդիները, որոնք նույնպես անտեսված չեն մրցույթի կազմակերպիչների կողմից: Նրանք պայքարում են լավագույն սփյուռքահայ ուսանող անվանակարգում: Ավանդական սփյուռքահայ անվանվածների կողքին են հայտնվել նաև ծանր տարիներին օտար երկրներ վաստակի մեկնած ծնողների երեխաները: Նրանք չգիտեն` սփյուռքահայ ե՞ն, թե՞ Հայաստանից ժամանակավորապես հեռացած երեխաներ, որոնք հայրենիք են վերադարձել` հասունանալով օտար միջավայրում: Նրանք տարբեր են` նայած որ երկրից են, ինչ միջավայրում են ապրել, որ տարիքից են գտնվում արտերկրում: Բայց նրանք նույնն են իրենց ճակատագրով` ծնողներն են նրանց նետել օտարության գիրկը…

Եվ այսպես, հարց ու պատասխաններ…

Եվ այսպես, հարց ու պատասխաններ, որոնցում երևում է մեր երկիրը, ժողովուրդը` որպես հայկականության փոքրիկ, յուրատեսակ մանրակերտ:

«Արտագաղթը միայն ֆինանսական շարժառիթներ չի ներառում: Գիտնականը գնում է կարիերան չընդհատելու, ուսանողը` սովորելու և առավել բարձր որակավորմամբ մասնագետ դառնալու համար: Բարեկամները գնում են միմյանց հանդիպելու: Հետո ոմանք վերադառնում են, ոմանք` ոչ: Դա արդեն հետևանքն է»: Այսպես մեկնաբանեց արտագաղթ երևույթը ուսանողներից մեկը:

Երկրից հեռանալու պատճառը տեսնում են աշխատատեղի պակասի և երկրի ապագայի հանդեպ անվստահության մեջ,«գուցե դարեր շարունակ այդքան պատերազմների մեջ ենք եղել` դա՞ է պատճառը, շրջափակված ենք թշնամիներով, կա պարփակվածության զգացում, որից ուզում են փախչել» մտորում է հայ դպրոցականը:

«Դեմ եմ» շարժումը բոլորին հետաքրքրել է: Հարց` խորացե՞լ էիք էության մեջ: Ուսանողը պատասխանում է, որ լուծումը պետք է փոխզիջումային լինի, բողոքող կողմը նույնպես պետք է զիջող քայլերի պատրաստակամություն ցուցաբերի:

Ավանդական հարց է դարձել տղաներին աղջիկների մասին հարցնելը, իսկ աղջիկներին` տղաների: Ինչպիսի՞ն են նրանք այսօր և արդյոք հավանում են միմյանց որպես այդպիսին:

Նախկինում աղջիկները որպես թերություն էին ներկայացնում տղաների անհիմն մեծամտությունը: Ներկայում աղջիկներն ավելի համարձակորեն քննադատում են հայ տղաների պահպանողական սկզբունքները: Աղջիկները խոստովանում են, որ հայ տղաները առավել խելացի և ընդունակ են բարձունքներ նվաճելու, սակայն որպես բնորոշ բացասական գիծ հիմնականում նշում են տղաների ծուլությունը և հաշտվողականությունը: Նրանցից քչերն են իրենց առջև մեծ նպատակներ դնում: Տղաները մտածում են, որ ոչինչ չանելով` հաջողության կհասնեն: Աղջիկները գիտեն, որ հույսը իրենց վրա պիտի դնեն:

Նախկինում տղաները հավանում էին աղջիկների համեստությունը, սակայն այսօր գտնում են, որ դա այնքան էլ դրական գիծ չէ, եթե չափից դուրս շատ է:

«Շատ եմ սիրում հայ տղաների հավաքական կերպարը, նա ազնիվ է, անկեղծ, իր խոսքի տերը, վստահելի է ամեն ինչում, չեմ սիրում տգետներին, կոպիտներին», այս միակ տարբերվող կարծիքը գուցե թե առավել ճիշտ բնորոշումն էր մեր տղաների:

Աղջիկներն ավելի ակտիվ են, ավելի նպատակասլաց և լավ կրթություն ստանալու մեծ ձգտումներով, սակայն առայժմ նրանց ուժերը լիարժեք չեն օգտագործվում երկրի զարգացման տարբեր ոլորտներում, ինչպես նաև ղեկավարման համակարգում: Այս միտքը շարունակաբար հաստատվում է, երբ հանձնաժողովին է ներկայանում մրցանակի հերթական աղջիկ հավակնորդը և իր պատասխաններով գոհացնում բոլորին: Սակայն աղջիկներն իրենք էլ իրենց չեն տեսնում երկրի համար կարևորագույն ղեկավար պոստերում, մի բան, ինչը գուցե թե դպրոցից բուհ կրթական համակարգում անտեսված հարց է: Երեխաները խուսափում են ղեկավարման պատասխանատվությունից և իրենց չեն պատրաստում առաջին դեմքեր լինելուն: Բայց, փայլուն երեխաները միայն գիտության և բիզնեսի համա՞ր են արդյոք…

Ո՞րն է հայ մարդու մրցակցային առավելությունը

Հայ մարդու առանձնահատուկ հատկանիշը բոլորը միաբերան համարում են խելքը: Բայց թե այդ խելքը ինչո՞ւ չի արդյունք տալիս սեփական երկրի զարգացման հարցում` մեկը պատասխանեց. իսկ գուցե տալի՞ս է, որ կարողանում ենք այսչափ բարդ իրավիճակում ապրելով հանդերձ` զարգացնել մեր երկիրը:

«Իմ երկիրն ավելի ապահով է: Հայ երեխաները շատ խելացի են և լավ կրթություն են ստանում: Ամերիկայում իմ տարիքի երեխաները բոլորովին ուրիշ են», աշխարհ տեսած հայ աշակերտի կարծիքն է:

3 

Ինչպիսի՞ն են տեսնում իրենց դերը երկրի զարգացման հարցում:

Մեկը պատմեց. «Մի անգամ մի տաքսու վարորդի հարցրեցի` նախարար դառնալու համար ի՞նչ է պետք: Ասաց` մեջք…» Գուցե այդ անտեսանելի Մեջքից զգուշանալո՞վ է, որ այս երեխաներից ու երիտասարդներից որևէ մեկը իրեն չի տեսնում իշխանական բարձունքներում: Տղաները նույնպես նախագահ, վարչապետ, անգամ` նախարար դառնալ չեն երազում: Պատրաստ են գիտության, ձեռնարկչական գործունեության մեջ հրաշքների, սակայն` երկրի ղեկավարման համակարգից որքան հնարավոր է` հեռու են և մտքով, և հոգով: Զարմանալի է: Մի՞թե սա կորուստ չէ երկրի համար: Բայց` ուզում են մի օր ունենալ սեփական ձեռնարկությունը, որը մեր երկրի վարկանիշի համար իրական հպարտություն կլինի: Ուզում են ստեղծել ինչ որ մի նոր բան, որով աշխարհով մեկ Հայաստանի անունը կտարածվի:

Լավ մասնագետ դառնալ, սեփական ընկերությունն ունենալ և լինել ղեկավարն ու այդ գործի բացառիկ լավ կազմակերպիչը: Ընտրյալ երիտասարդների այս խմբի երազանքը կարելի է դրական համարել:

«Ամենքը ինչ-որ մի բանի պիտի ձգտեն, եթե ձգտում ես լավին, լավը կստեղծես: Իրատես եմ, որ կյանքը գնում է դեպի լույսը: Քեզնից կախված է, թե դու ինչ դիրք ես բռնում, լույսը կարելի է տեսնել ինքդ քո մեջ, ոչ թե թունելի վերջում»:

«Ես չեմ վախենում պատասխանատվությունից: Որտեղ գտնվում ես` պիտի ձգտես լինել ամենալավը»:

«Ոչ մի բանի բացարձակը լավ բանի չի բերում: Խառնուրդն է լավը` ամեն ինչի լավագույնի ընտրանին»:

«Հայաստանը անցումային փուլում է, ճիշտ ղեկավարման ձևը ավտորիտարիզմն է: Երկրի զարգացման վաղ փուլում դեմոկրատիան ճիշտ չի»:

«Կառավարությունը կարծես մի փակ օղակ լինի, իսկ հասարակությունն էլ մեկ այլ փակ օղակ»:

«Մարդու մասին դատում են իր գործերով»:

«Մտավորականը նա է, ով ոչ միայն գաղափար է տալիս, թունելի վերջի լույսն է ցույց տալիս, այլ ունակ է քեզ առաջնորդելու դեպի այդ լույսը»:

«Շատ մարդիկ կան, որոնք շատ պայծառ մտքեր ունեն: Միտքը արժեք չունի, քանի դեռ այն հղացողը միտքը չի տարածել, հանրային չի դարձրել: Միտքը պետք է հանրային սեփականություն դարձնել: Զարգացման ճանապարհը պիտի կարևոր կետեր ունենա: Ես կլավացնեի ու ամենամեծ շեշտը կդնեի կրթության վրա: Կենդանին հարմարվում է պայմաններին, բայց մարդը փոխում է դրանք»:

«Ամեն մարդ պետք է իր տեղում օգուտ բերի պետությանը»:

«Ամեն մարդ պիտի ունենա ազատ կամարտահայտություն»:

Ահա այսպես գեղեցիկ և խելացի պատասխաններ են տալիս, իրենց տեսակետները կիսում, սակայն զարմանալիոր են` մի շատ պարզ հարցի պատասխանը համարյա թե բոլորն էլ չունեին: 

Ո՞վ է հեղինակություն իրենց համար

Նրանք չկարողացան որևէ անուն նշել, ով կարևոր դերակատարություն է ունեցել իրենց կյանքում և հեղինակություն է իրենց համար: Հեղինակության հարցում ոչ ուսանողները, որ ուսանողները կողմնորոշված չեն: Հնչեցին` իմ դպրոցի կազմակերպիչը, «Դեմ եմ» շարժման  ակտիվիստներից մեկը նշեց շարժման ղեկավարներից Մանե Թանդիլյանի անունը, ասելով` նա լավ գիտի իր մասնագիտությունը, ունի պատասխանատվություն իր միջավայրի հարցում, հայրենասեր է, եթե պահը գա` ավելին կանի: Երրորդ անունը Մոնթե Մելքոնյանինն էր: «Ինձ համար հեղինակություն են բոլոր նրանք, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով հաջողության են հասել, օրինակ` Անահիտ Բախշյանը»: Սա էլ`չորրորդ անունը և` վերջ:

Իսկապես, ո՞վ կարող է այսօր հավակնել հեղինակություն լինելու տիտղոսին: Կարելի է հավաքական կերպարներ առանձնացնել, օրինակ, հայ զինվորը: Կամ, Սինոսփսիում սովորող ուսանողների մտքով անգամ չի անցնում նշել հենց իրենց իսկ դասախոսներին, կրթական դեպարտամենտի կամ ընկերության ղեկավարին,որոնց գործունեությունն իրենց աչքի առաջ է, և նրանք այն ուսանողներն են, որոնք ի վիճակի են հասկանալու և գնահատելու իրենց իսկ աչքի առաջ տեղի ունեցող ամենօրյա աշխատանքը, որը Հայաստանի համար դարձավ խոստումնալից ներկա ու նպատակակետ ապագա: Որտե՞ղ են որոնում հեղինակություններին, օտար միջավայրերո՞ւմ, տիեզերական բարձունքներո՞ւմ: Ինչո՞ւ հենց իրենց կողքին սխրանք գործող մարդկանց չեն նկատում…

Բայց, գոհ են Սինոփսիսի կրթական ծրագրից, որովհետև այնտեղ ընդգրկված դասախոսները երիտասարդ են և նոր միջավայրում ավելին տալու հնարավորություն ունեն:Կա նաև աշխատանքի ընդունվելու հեռանկարը, ինչն ստիպում է լավ սովորել, որ քեզ ընտրեն:

«Կյանքի իմաստը ձգտելու մեջ է»: «Հաջողության հասնելը կարևոր է, հաջողությունը բերում է նոր գաղափարներ: Սովորում եմ, որ ունենամ հաջողություն և նոր գաղափարներ»:

Ի՞նչ հարց կտայիք նախագահին

«Հայաստանի հիմնական խոչընդոտը տնտեսական մենաշնորհն ու կողմնապահությունն է: Շատ լավ իմանալով, թե ովքեր են այդ խնդիրն ստեղծել` ինչպե՞ս է պատրաստլուծել այն»:

Ի՞նչ պետք է անել Հայաստանի զարգացման համար

«Կուզենայի աշխատատեղերն ավելանային, բայց դա նաև մեզնից է կախված, պետք է կապեր հաստատել, սեփական բիզնես ընկերություններ ստեղծել»,-կարծում է համալսարանական ասպիրանտը, ով նախորդ մրցույթներում երկու անվանակարգերում հաղթել է, արդեն սեփական ընկերությունն ունի և տասնհինգ հոգանոց կոլեկտիվով արտերկրից նոուհաուների պատվերներ է ստանում և կատարում:

Երեխաներից և ուսանողներից շատերն առանձնացնում են բարձրորակ կրթության կարևորությունը: «Կարծում եմ` ազգի զարգացումը կրթությունից է կախված, սկսած մանկապարտեզից ու դպրոցից»:

«Ամեն մարդ ձգտում է կատարելության: Ուզում եմ դրսում սովորել, վերադառնալ նոր գիտելիքներով»:

«Ամեն ինչ կենտրոնացած է Երևանում: Մարզերում նույնպես պետք է կյանքը հետաքրքիր լինի»:

«Եթե ռեկտոր լինեի` բուհերում կբարձրացնեի գիտության մակարդակը:»

«Հայաստանում ամենախնդրահարույց խնդիրներից է գիտության հարցը, ֆինանսավորումը, ինչը խանգարում է հայ մարդու մտավոր ուժը գիտական բարձր մակարդակի հասցնել»:

«Մարդը պիտի հնարավորություն ունենա ինքնաիրացվելու»:

«Հայերի մեջ ինձ դուր չի գալիս օտարասիրությունը»:

«Կյանքի ընթացքում պրոբլեմներ միշտ լինում են, չպետք է վախենալ խնդիրներից»:

Աշակերտ. «Դեմ եմ ատոմակայանին, Սևանա լճի ջուրը ոռոգման համար օգտագործելուն, մեծերի հաշտվողականությանը»:

«Երջանկությունը միայն փողի մեջ չի, ճիշտ է, այն ունի իր տեղը, բայց ամենաորոշիչը չի, ամենակարևորը` սիրված լինելն է, շրջապատից սեր ստանալը»:

Աշակերտ. «Հիմա մեր կառավարությունը շատ ճիշտ քայլեր է անում, չնայած շատ են քննադատում` կառչելով առանձին բաներից: Մարդիկ չեն եղել այդ միջավայրում և չգիտեն, թե ինչ խնդիրներ են լուծում կառավարությունում, ամեն ինչ հեշտ է թվում: Ես հավատում եմ ապագային, բայց միայն ինձնով չի որոշվում, ամբողջ երիտասարդությունը պիտի հավատա»-այս երեխան վստահաբար ընտանիքի բերումով տեղեկացված է այն բազում դժվար խնդիրներից, որոնք ամեն օր ջանքեր և լուծում են պահանջում:Նա նաև շրջագայել է աշխարհում, կարողանում է համեմատության մեջ մեծավարի տեսնել իր երկրում տարվող աշխատանքն ու հաջողությունները խիստ դժվարին պայմաններում:

Առաջին քայլը` փոխել մարդկանց վերաբերմունքը պետության հանդեպ: Օրինակ, երբ ասում ես պատգամավոր, առաջին բնութագրումը, որ տալիս են, ասում են, որ իր շահի համար է աշխատում: Միայն տուգանքները բարձրացնելը շատ բան չի փոխի, Սինգապուրում սկսեցին մարդկանցից:

«Սինգապուրում քայլերը շատ արմատական էին, ես բռնության կողմնակից չեմ, կարծում եմ` պետք է փոխել արժեհամակարգը, սկզբում փոխել անհատներին, սերունդ առ սերունդ դաստիարակել, հետո յուրաքանչյուրին օգնել հաջորդ սերունդներին դաստիարակելու հարցում», այսպես կարծում է հայ ուսանողուհին: 

Եթե նախագահ լինեի

«Հայաստանի նախագահ լինելը շատ մեծ պատասխանատվություն է»:

«Կստեղծեի միջին խավ, որպեսզի ոչ հարուստները շատ լինեն, ոչ էլ աղքատները: Կձգտեի միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակությունը բարձրացնել: Կաշխատեի այնպես անել, որ կառավարման համակարգում ժողովրդի դերը մեծ լինի, թե չէ` ժողովուրդը պատգամավորներ է ընտրում, բայց նրանք ժողովրդի համար չեն աշխատում»:

Ի՞նչ կփոխեի` կբարելավեի կրթության որակը, գիտության հանդեպ ուշադրությունը կմեծացնեի: Ուղեղների վրա շեշտը կդնեի:

Եթե նախագահ լինեի… միայն նախագահով չի երկիրը զարգանում, նաև ժողովրդի դերն է մեծ: Կփոխեի պատգամավորներին, կարմիր գծերը կհանեի, հատուկ տեղերում ավտոմատներ կդնեի, որ անմիջապես մուծեին և կտրոնը վերցնեին:

«Նախագահի գործերը պիտի պետության համար լավը լինեն: Պետական շահն է կարևոր»:

«Պետությունը ղեկավարելու համար համակողմանի զարգացած պիտի լինես և հասկանաս, թե ինչ պատասխանատվություն է դրված քեզ վրա»:

«Առաջնորդը պետք է արդար ու սիրելի լինի: Եթե արդար լինի` սիրելի կլինի»: 

Լավագույն սփյուռքահայ ուսանող

Այս անվանակարգում մասնակիցներից շատերը մերոնք են, որ որպես ուսանող վերադարձել են հայրենի տուն: Նրանց մի քանի առանձնահատուկ հարցեր են տրվում, որոնց պատասխաններից են. «Ռուսաստանից մեծ կախվածություն կա, բայց մենք մեր շահը պիտի ունենանք: Իմ գլխավոր ցանկությունը Հայաստանի հզորացումն է»:

«Եթե լինեի Ռուսաստանի նախագահը, շատ հնարավոր է, որ նույնը կանեի, եթե ունենայի նույն ինֆորմացիան: Մեզ հասնող ինֆորմացիան հակասական է: Ղրիմի հետ համեմատելով Արևմտյան Հայաստանի խնդիրը, կարծում եմ, որ եթե այնտեղի հայերը ոտքի կանգնեն ու պահանջեն, գուցե մենք նույնպես կարողանանք վերադարձնել մեր հայրենիքի այդ մասը»:

«Ռուսաստանում աշխատանքին և կրթությանը պրոֆեսիոնալ են վերաբերվում, մեզ մոտ` բարեկամական: Նրանք սառն են, մենք, փոքր երկիր լինելով, չենք կարողանում այդպիսին լինել, որովհետև ծանոթները շատ են: Բայց Ռուս աստանում քեզ վերաբերում են որպես երկրորդ տեսակի մարդ»: 

Երեխան պիտի իր հայրենիքում մեծանա, դաստիարակվի իր ժողովրդի ավանդույթներով

«Ես տասը տարեկանից ընտանիքիս հետ մեկնել եմ Ռուսաստան, բայց հենց հասկացա, որ արժեքները տարբեր են, ցանկացա վերադառնալ, այնտեղ բարոյական, ընտանեկան ուրիշ արժեքներ են, այստեղ պահպանված են ավանդական, մարդկային արժեքները»:

«Եթե ունենայի հնարավորություն` արտագաղթը կկանխեի: Երեխան պիտի իր հայրենիքում մեծանա: Բուժման, կրթության ծախսերը կդնեի պետության վրա»:

Հետաքրքիր է, որ շատերը գիտեին Սինգապուր երկրի թռիչքային զարգացման պատմությունը: Երկրի ղեկավարը երկրի զարգացման իր ծրագիրն սկսել է կոռուպցիայի դեմ պայքարով` չխնայելով անգամ իր մերձավորներին, մահապատժի ենթարկելով` արմատախիլ է արել այդ չարիքը:

«Կոռուպցիայի դեմ կպայքարեի, ինչպես Սինգապուրում են արել, հասարակության մի փոքր շերտ իր խնդիրները լուծում է հասարակության մեծ մասի հաշվին»:

Հարց. պատկերացնենք իրավիճակ. Երկուհազարքսանչորս թվականին ամբողջ աշխարհը ապշած է Հայաստանի հաջողություններից: Ի՞նչը կարող է դրան հասցնել: Պատասխան. «Երիտասարդության համախմբվածությունը: Հենց որ հայերը հասկանան, թե ինչ մեծ ուժ ունեն` վստահ կլինեն իրենց վրա: Հայերի ուժը ոգին է: Ճիշտ քաղաքականություն իրականացնելու դեպքում հայը հզոր կլինի: Հայաստանը ծով չունի և այլն, բայց Հայաստանն ունի խելացի երիտասարդություն, որոնց ուժերը պիտի օգտագործել:

Հայաստանի ապագան կախված է մեզնից յուրաքանչյուրից:

Արևմտյան Հայաստան գնալով` հասկանում ես, որ դու էլի պիտի գնաս, այնքան պիտի գնաս` մինչև փոխվի նրա կարգավիճակը»,-կրկին դպրոցականն է այսպես վստահ խոսում, և մեզ համար բացվում է ընտանեկան դաստիարակության խնդիրը:

Ընտանիքը

Նրան ընտանիքն է Արևմտյան Հայաստան և պատմական այլ վայրեր տարել, երեխայի համար բացել իր ժողովրդի պատմության դռները, որոնք բնականորեն նոր ուղիներն են ցույց տալիս, հաջորդ սերունդներին սպասող անելիքները: Մտքով և ոգով ուժեղ հայ պատանին հզորացել է հայրական և մայրական ճիշտ դաստիարակության շնորհիվ, ծնողների գործերով նաև սեփական ապագան ճիշտ կառուցելու ընդունակ դարձած տղան, որ այսօր դեռևս վարժարանի աշակերտ է, նաև գիտելիքներով, ճարտարագիտական հմտություններով և նախագծերով հիացրեց և մեծ ուրախություն պարգևեց հանձնաժողովի անդամներին:

Սակայն բազմաթիվ հայ ընտանիքներ իրենց երեխայի ճակատագիրը հանձնում են օտար երկրւներին, նրանց ձեռքից բռնելով` դուրս են հանում իրենց տնից, բակից, հայրենիքից, և այսօր մենք ունենք հասուն մի սերունդ, որը բացարձակապես նոր շերտ է գոյացրել առանց այն էլ խայտաբղետ հայկականության մեջ: Հայաստանում մեծացածերեխաների ծնողները կարողացել են կայանալ և երեխաներ մեծացնել այն նույն պայմաններում, որտեղից ահասարսուռ հեռացել էին մյուսները: Եվ երեխաներ մեծացնել, և երկիր կառուցել, ուր հեռացած երեխաները ուսանելու նպատակով վերադարձել են` որպես սփյուռքահայեր օգտվելու հայրենիքի տված հնարավորություններից…

Զարմանք է հարուցում սրբության սրբոց մայրենի լեզվի հանդեպ այդ ծնողների անտարբերությունը, օտարությանը հանձնելով իրենց երեխաներին` նաև լեզվով ու պատմությամբ են նրանց օտարացրել իրենց սեփականից: Երեխաները կարդալ, գրել չգիտեն, ավելի հեշտ արտահայտվում են օտար լեզվով` կաշկանդվելով մայրենիի խորխորատներում: Մտքերը, զգացմունքները` օտար լեզվով…ոգին` հայերեն, դիմանալը` հայկական ուժով: 

Արտերկրից Հայաստանում սովորող ուսանողները հարմարված են իրենց հարկադիր օտար միջավայրին

Նրանք տարբեր են: Ամեն ինչ կախված է մի քանի կարևոր հանգամանքներից` ծնվել, մեծացե՞լ են օտար երկրում, թե՞ անկախությանը հաջորդած ծանր տարիներին վաստակելու մեկնող ծնողների կամքով հանկարծ հայտնվ ել են օտար միջավայրում և դիմակայել` մինչ կրկին հայտնվել են հայրենի օջախում: Այս վերջին հանգամանքը էապես փոխել է արտերկրի երիտասարդների հոգեբանական պատկերը: Նրանք պատահականորեն և ոչ իրենց կամքով, գուցե թե նաև` ճնշման տակ, ստիպված են եղել մանկության միջավայրը փոխել, կրթվել օտար լեզվի ու հոգեբանության հաղթահարման պայմաններում, դիմանալ անհարկի սթրեսային վիճակների, հասկանալ, որ իրենք նման չեն նրանց, որտեղ հայտնվել են իրենց կամքից անկախ:

Ռուսաստանից, Թուրքմենստանից եկած երիտասարդները չէին թաքցնում վիճակված դժվարությունները, սակայն չէին փորձում որևէ մեկ կողմի մեղադրել իրենց մանկությունն աղճատելու համար: Նրանք ստիպված են եղել օտար լեզու և հոգեբանական վիճակ յուրացնել, պայքարել հոգեբանական ընկճվածության, ստորացումների դեմ: Ոմանք փորձել են դիմակայության մեջ սեփական հաղթանակով հպարտանալ: Այլ է պատկերը, եթե երեխան պաշտոնյա ծնողի հետ պարզապես գործուղման հնարավորություններից օգտվելով պտտվել է աշխարհով մեկ և գլուխը բարձր պահած է համեմատում աշխարհի տարբեր երկրները իր հայրենիքի հետ:

Թբիլիսիից եկած ուսանողը հայերեն և վրացերեն համարյա թե չգիտի, խոսում է ռուսերեն, գիտի նաև անգլերեն: Ասում է, որ ռուսական դպրոցները փակում են, տխուր է, որ իր դպրոցը նույնպես այդ ճակատագրին պիտի արժանանա: Հայաստանում գտնվելու ժամանակը չի օգտագործել հայերեն սովորելու համար ու բացարձակապես կաշկանդված չէ դրանում:

Իրանից եկած ուսանողը նշում է, որ քաղաքական խնդիրները խանգարում են, որ իր ծննդավայր երկիրն առաջ գնա, ունեն նաև ինտերնետի խնդիր: Իրանում չափորոշիչներ են մշակել և հայկական ոչ բոլոր բուհերի դիպլոմներն են ընդունվում: Նա պատրաստվում է Իրան վերադառնալ և Հայաստանում բարձրակարգ ճարտարագիտական կրթություն ստանալու և մասնագիտություն ձեռք բերելու առավելությունները այնտեղ գործի դնել:

Նշում են, որ Երևանը գեղեցիկ այգիներ ունի և լավ թանգարաններ:

Ամերիկայից եկած երիտասարդը պատմում է, որ հայկականությունը պահելու համար հավաքվում են եկեղեցիների շուրջը:

ՌԴ-ից եկած երիտասարդը պատմում է, որ Ռուսաստանում իրեն խորթ է զգացել, հիմա էլ այստեղ է խորթ զգում: Կարևորում է առաջին հերթին արժանապատվությունը ինքդ քո հանդեպ: Ապրել է ռուսական փոքր քաղաքում, ժողովուրդը կրթված չէր, հայերը հիմնականում զբաղված էին առևտրով և հաճախ վատ կարծիք են ձևավորել իրենց մասին: Ստիպված է եղել միայնակ բարձրացնել ուրիշների կողմից հայ մարդու ոտնահարված պատիվը, ինչը նրան հաջողվել է նաև ռուսական բանակում ծառայելու ընթացքում: Ռուսներն ունակ են քեզ լիարժեք ընդունելու, եթե դու քեզ լավ ես դրսևորւմ, եզրահանգումը սա է:

ՌԴ-ից վերադարձած աղջիկն ավելի հուզական է իր մտքերը կիսում: Վեց տարի առաջ ընտանիքով վերադարձել են, «իններորդ դասարանում էի, ուսուցչուհուս ջանքերով հայերեն սովորեցի: Կփոխեի մարդկանց վերաբերմունքը օրենքի նկատմամբ: Պատժելով` կարելի է ինչ-որ բանի հասնել, բայց այդ հարգանքը պիտի սերմանվի մանկությունից»:

Սիրիայից եկած երիտասարդը որպես առավելություն նշում է, որ Հայաստանում իրեն հանգիստ է զգում, գոհ է ստացած կրթության որակից, ասում է, որ լավ են սովորեցնում: «Այստեղ մեր տան պես է, երկիրը շատ գեղեցիկ է, կլիման լավն է, բայց փող աշխատելը դժվար է, սիրիահայերը նախընտրում են Շվեդիա կամ Գերմանիա գնալ»:

Եթե նախագահ լինեի` ժողովրդի կյանքը կբարելավեի, եթե գործ լինի, մարդիկ չեն հեռանա: Սիրիահայը նույնպես այսպես է մտածում:

Թուրքմենստանից եկած երիտասարդը Ղարաբաղից է ընտանիքով հայտնվել այդ երկրում: «Ինձ ոչ ոք չի ասում` դու եկվոր ես, շատ ջերմ են վերաբերվում: Ծանոթ-բարեկամությունով են այնտեղ հիմնականում առաջ գնում: Այստեղ նույնպես աշխատանք գտնելու համար ծանոթ է պետք ունենալ»: Եթե չգտնի` կվերադառնա Թուրքմենստան, բայց ինչո՞ւ ոչ Ղարաբաղ…

Իրաքից Հայաստանում սովորող երիտասարդը երազում է ՏՏ ոլորտի լավ մասնագետ դառնալ և վերադառնալ Իրաք, այնտեղ ավելի մեծ են գործ դնելու հնարավորությունները: Ընտանիքն այնտեղ է, իրենց ապրած քաղաքում առայժմ անվտանգ է, ասում է, սակայն կարճ ժամանակ անց լրատվամիջոցներն այլ տեղեկություններ են հաղորդում: Եվ ի՞նչ` Հայաստա՞ն, թե՞ կրկին հայացքը դեպի օտարություն պիտի հառի այս երիտասարդը նույնպես, որովհետև ցավալիորեն սովորել են կշեռքի նժարին դնել առավելություններն ու թերությունները, կարծես շուկայում ապրանք են գնում ու պիտի ընտրեն էժանը, բայց որակյալը: Ու պիտի նաև ապրանքի գինն իջեցնեն` դրան հարմար հատկանիշներ որոնելով:

 4

Եվ այսպես

Դպրոցների և վարժարանների երեխաները կարդում են գիտաֆանտաստիկ գրքեր, երազում են գիտությամբ զբաղվել, նորարարությունների, երկրի վարկանիշի համար իրենց կարելույնն անել: Ուսանողները երազում են լավ մասնագետ դառնալ, ասպիրանտներն զբաղված են գիտական նորարարական մշակումներով, նրանք մեծ հավակնություններով ոլորտներում են մեծ նպատակների հետևից գնում: Եվ հաջողելու են…

Բայց, նրանք, մեծ, թե փոքր, համարյա թե չեն ճանաչում իրենց երկիրը, չեն շրջագայել,ոմանք անգամ չգիտեն մարզերի անունները: Ընտանիքները չեն կարևորում դա, դպրոցներն ու բուհերը նույնպե՞ս…Ոչ, որովհետև, օրինակ, Երևանի պետական համալսարանում շատ են Հայաստանով ու Արցախով ճամփորդելու տանում ուսանողներին, սակայն ասպիրանտուրա հասած լավագույն ուսանողները երբևէ չեն օգտվել այդ հնարավորությունից:

Դպրոցներում նույնպես ավանդույթ չի ձևավորվել անպայմանորեն ճամփորդել, երեխաներին աչքով տեսցնել իրենց երկիրը, դուրս բերել դասագրքերից, հերոսական վայրերի պատմությամբ պատմությունը նույնպես մոտեցնել մեր օրերին:

Ի՞նչ անել: Պարտադիր դարձնել: Զանազան քեֆ-ուրախությունների փոխարեն` անպայմանորեն որոշակի ծրագրով, ինչը կարող է նաև պետության կողմից իջեցված պատվեր լինել, մեր երկրի ապագայի համար ծնված նոր սերնդին ցույց տալ իրենց երկիրը: Նրանց ոտնահետքերը պիտի գումարվեն անցյալին, նրանք պիտի ներկա լինեն ամենուր, դասագրքերից հրամցվող ոգեղենին ավելացնեն աչքով տեսածն ու հոգով իրապես զգացածը: Այդպիսի երեխաներին դժվար թե կարողանան հեռու տանել իրեն պատկանող հայր ենիքից ու հանձնել օտարին: Դեռ հայոց լեզվով խոսելուց, գրելուց ու կարդալուց էլ զրկել, դատապարտել օտարահպ ատակության… 

«Հայաստանում ամեն ինչն էլ ինձ դուր է գալիս»

«Հայաստանում ամեն ինչն էլ ինձ դուր է գալիս», ասում է դպրոցականը: Նա կարծում է, որ երբ Ամերիկայի հետ ենք համեմատվում` նրանց առավելությունը բարձր վարձատրության մեջ է, բայց մեզ մոտ կան ուրիշ առավելություններ, որոնք չենք նկատում:

Բիլլ Գեյթսն իր կարողությունների մեծ մասը նվիրաբերում է տարբեր հումանիստական ծրագրերի: Ռուբեն Վարդանյանը Դիլիջանի դպրոցն է կառուցում և Հայաստանում տարբեր լուրջ ծրագրեր է իրագործում: Դա բարեգործություն է, թե՞ բիզնես հարցին դպրոցականը պատասխանում է.”Դա մի ծրագիր է, որը երկրի զարգացման հեռանկարով է լի»:

«Կրթությունը դեռ շատ առաջ գնալու տեղեր ունի: Զարգացումն առաջ է գնում, կրթությունը հին մեթոդներով է տարվում, օրինակ, կենսաբանությունը և քիմիան հետ են մնացել»:

«Եգիպտական բուրգերը կառուցվել են հին դարերում, սակայն այսօր էլ մեծ օգուտ են տալիս: Մեր պատմությունը նույնպես կարող է տնտեսական մեծ օգուտ բերել մեր երկրին»:

«Հայաստանն ունի զարգացման շատ մեծ գործոններ, օրինակ, սփյուռքը, ընդերքն այնքան էլ հարուստ չի, բայց դա այնքան էլ կարևոր չէ: Տեսնելով, թե ինչ է կատարվում աշխարհում, Հայաստանն ավելի մեծ հնարավորություններ ունի, քան օգտագործում ենք: Օրինակ, Ամերիկայի քաղաքականությունը ճաք է տալիս, Սիրիայի, Իրաքի պատերազմները, Ուկրաինայի խնդիրը նրա խղճին են: Այնպես չի, որ Ամերիկան խնդիրներ չունի: Եվ այնպես չի, որ Հայաստան փոքր երկիրը հզոր ուժեր չունի»:

Աշակերտ. «Ուզում եմ ունենալ իմ կորպորացիան, իմ երկրի համբավը տարածել, տարբեր սարքավորումներ, ռոբոտներ ստեղծել: Ստեղծել ենք նոր էլեկտրաէներգիայի աղբյուր: Արևի ճառագայթի ուժը օգտագործելու միջոցով կարողանում ենք էներգիա ստանալ»: Եվ, իսկապես, հայ դպրոցականն իր ընկերների հետ մտահոգ է իր երկրի էներգետիկ ճակատագրով, և գյուտ է արել, գուցե թե` ապագայի էներգիան է ստեղծել: Սա հենց սեփական ուժերի հանդեպ վստահության և երկրի կյանքում մեծագործությամբ հանդես գալու հավակնոտությամբ նոր սերունդն է: Նա այդպիսին է մեծանում, եթե նրան այդպիսին ենք մեծացնում: Նրա դպրոցում նրան վստահում են: Նրա դպրոցում առավոտյան աղոթում են, ազգագրական պարեր են պարում, համացանցում բլոգներ վարելով` մտածել ու պայքարել են սովորեցնում: Գիտելիքը լավ քաղաքացի դառնալու կեսն է: Պետք է նաև գործի դնել այդ գիտելիքն ու զգացական ներաշխարհի ողջ էներգիան:

Այ դա արդեն ուժ է, հայ մարդուն հատուկ հաղթող ուժը:

Հենց այդպիսիններն են նաև այս մրցույթի հաղթողներ դառնում: Սպասենք, թե այդ մասնավոր հաղթանակը ինչպես է հաղթանակ դառնալու նաև նրանց հայրենիք երկրի ու գուցե թե նաև` մարդկության համար:

Հովիկ Մուսայելյան, մրցութային հանձնաժողովի նախագահ

– Տասներորդ տարին է, ինչ անց ենք կացնում այս մրցույթը: Երկուհազար հինգ թվականին մասնակցում էին երեք բուհ, չորս դպրոց,այժմ` հինգ բուհ, յոթ դպրոց, շեշտը դրված է բնագիտական հոսքերի վրա, մրցանակային տասը տեղերի համար պայքարում են իրենց թիմի շրջանակներում, իրենց անվանակարգերում: Սահմանել ենք նաև Գրանպրի մրցանակ, որը, ցավոք, երեք անգամ ենք շնորհել: Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել բնագիտական հոսքերը, խրախուսել տեխնոլոգիական ձեռներեցությամբ զբաղվելը:

Բնագիտական առարկաներից հանրապետական և անգամ միջազգային օլիմպիադաներում հաղթած երեխաները որպես մասնագիտություն ընտրում են ոչ բնագիտական ուղղությունը, ինչը մենք կորուստ ենք համարում: Ահա թեինչու ամեն կերպ անհրաժեշտ է բարձրացնել այս հարցի կարևորությունը:

Այս տարվա մրցույթի մասնակիցների մոտ շատ մեծ բացթողում եմ համարում այն, որ հեղինակությունների մեծ սովունեն, երեխաները դժվարանում են հեղինակություններ նշել: Եթե առաջ քիչ էին նշում, այս տարի ընդհանրապես դժվարանում էին, նախկինում գոնե իրենց ծնողներին էին նշում, բայց այժմ դա էլ չեն անում: Դրական միտում է այն, որ բոլորի մեջ ընդգծված հավատ կա ապագայի հանդեպ, և շատերը հասարակական շարժումների մեջ են, ձևավորված քաղաքացիական հասարակության շուրջ: «Դեմ եմ» շարժումը շատերի մոտ սեփական պատասխանատվության գիտակցումը էապես բարձրացրել է, երկրում ինչ որ բան փոխելու առաջընթաց կա երիտասարդների մոտ:

Աղջիկները շատ լավ որակներ են ցույց տալիս, տղաները նահանջում են, նրանց մոտ գիտելիք, կրթություն ստանալու մոտիվացիան ընկած է: Նախկինում աղջիկները տղաների մասին ասում էին, որ պարծենկոտ են, այժմ նշում են, որ ծույլ են, չեն սիրում իրենց վրա աշխատել, հաջողության հասնելու հեշտ ճանապարհներ են որոնում: Աշխարհում ՏՏ ոլորտում կանանց ընդգրկվածությունը տասը տոկոս է, ԱՄՆ-ում` ինը, իսկ Հայաստանում` քսանհինգ, ինչը շատերի զարմանքն ու հիացմունքն է առաջացնում: Պայծառ դեմքեր են մեր աղջիկները, բայց պետական համակարգում կանայք ներկայացված չեն: Ուժի գործադրման ճանապարհով` ամենուր տղամարդկանց են առաջին պլան բերում:

Եվս մեկ դիտարկում` դպրոցականները և բուհերի երեխաները տարբերվում են` հօգուտ դպրոցականների: Ավագ դպրոցի գաղափարն արդարացվում է, դպրոցում ավելի հասուն են, որքան վեր են բարձրանում` նվազում է ակտիվությունը, կորցնում են, անհետաքրքիր են դառնում: Դպրոցից ավելի հասուն են ներկայանում, բազմակողմանի հետաքրքրություններով: Կարող է մի դպրոցում ավելի շատ լավ երեխա լինի, մյուսում` քիչ, բայց նրանք գերազանցում են բուհերից եկած ուսանողներին:

Մարդիկ կան` մի քանի անգամ են մասնակցում մրցույթին, նշանակում է` մրցույթն արդար է, արժեք ունի: Մրցույթին մասնակցելը նրանց ստիպում է անընդհատ աշխատել իրենց վրա, շատ կարդալ, երկրին պիտանի լինելու նպատակներ դնել և աշխատել այդ ուղղությամբ:

5

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s