ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած աշխատանքային ճաշի ժամանակ քննարկվել է հոկտեմբերի 6-ից 9-ը Հայաստանում կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը, որը բավական ներկայացուցչական միջոցառում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

«Մասնակցելու համար հրավիրվել են մոտ 2000 հոգի, սպասվում է, որ կլինեն թոփ ընկերությունների ղեկավարներ: Քննարկել ենք կազմակերպչական խնդիրները, վարչապետը լսեց առաջարկություններ: Կարծում եմ՝ արդյունավետ հանդիպում էր»,- նշեց նա:

Հովիկ Մուսայելյանն ասաց, որ դեռ վերջնականապես հստակ չէ՝ թոփ ընկերությունների ղեկավարներից ովքեր ներկա գտնվեն: Դիտարկմանը, թե մամուլը գրեց, որ ներկա կլինեն «Գուգլի», «Ամազոնի», «Ֆեյսբուքի» ղեկավարները, նա ասաց, որ հյուրերի ցանկը կհաստատվի ֆորումից մեկ ամիս առաջ. «Այլ անուններ ևս շոշափվում են: Որոշ ժամանակ անց նրանց էլ հրավեր կգնա»:

Հարցին՝ որպես պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ինչպե՞ս եք գնահատում պոլիտեխնիկական համալսարանի և Քյոլնի տեխնիկական համալսարանի միջև վերջերս ստորագրված հուշագիրը, Մուսայելյանն ասաց, որ այդ համալսարանը Գերմանիայի 3-րդ համալսարանն է իր մեծությամբ: Նա ասաց, որ համալսարանը մասնագիտական կրթական ծրագրեր ունի, պրոֆեսորադասախոսական մեծ կազմ, համագործակցում է աշխարհի 130 համալսարանների հետ, ուստի «համագործակցությունը պոլիտեխնիկի հետ արդյունավետ է ու աննախադեպ»:

Հովիկ Մուսայելյանը նշեց, որ հավակնություններ կան, բայց «այսօրվա համալսարանները ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն», այնինչ աշխարհի առաջատար համալսարանների բյուջեները գերազանցում են մեր երկրի բյուջեն:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ բուհում կրճատումներ լինեն, ինչպես մյուս համալսարաններում, Հովիկ Մուսայելյանն ասաց, որ կրճատումները պետք է ինքնանպատակ չլինեն: Ըստ նրա՝ «արժանավորները պետք է չտուժեն, բայց բուհը պետք է առաջ գնա»: Մուսայելյանն ասաց, որ պոլիտեխնիկն առայժմ չունի որոշում՝ կրճատումներ կիրականացնի, թե ոչ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s