ՏՏ ոլորտի լավագույն ուսանողների եվ աշակերտների պարգևների հանձնման արարողություն

«Սիլիկոնային սարեր» համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությունը։

Այս տարի Հայաստանի բնագիտական և տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունների 30 ուսանող և ավագ ու միջնակարգ դպրոցների 9 աշակերտ արժանացել են Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների։
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևը իրավահաջորդն է «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի», որը հիմնվել էր ՀՀ նախագահի 2005 թվականի հունիսի 2-ի կարգադրությամբ։ Պարգևի հիմնադրման նախաձեռնողն ու հովանավորն է Սինոփսիս ընկերությունը: «Սինոփսիսի խելացի ապագայի ռազմավարությունը միտված է նպաստելու գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ոլորտում կրթական և այլ ներդրումների միջոցով ապագա ճարտարագետների և նորարարների ոգեշնչմանն ու զարգացմանը: ՀՀ Կառավարության հետ համատեղ իրականացվող ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևը այդ նպատակին ծառայող նախաձեռնություններից մեկն է», – ասում է Սինոփսիս Արմենիայի նախագահ, Սինոփսիս ընկերության առաջատար գիտնական և գլխավոր ճարտարագետ, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ, ՀՀ ԳԱԱ Արտասահմանյան անդամ Երվանդ Զորյանը։
Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ կրթական պարգևը հզոր շարժառիթ է Հայաստանի երիտասարդության համար՝ խորացնելու և կատարելագործելու իրենց գիտելիքներն այդ բնագավառում և շարունակելու ճարտարագիտական գերազանցության ավանդույթը Հայաստանում:
Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում՝ Լավագույն ուսանողների համար․ «Գլխավոր պարգև», «Լավագույն ասպիրանտ»1-ին և 2-րդ կարգ, «Լավագույն մագիստրանտ» 1-ին և 2-րդ կարգ, «Լավագույն բակալավր»1-ին և 2-րդ կարգ։ Լավագույն սովորողների համար. «Գլխավոր պարգև», «Լավագույն աշակերտ» 1-ին և 2-րդ կարգ։

Ցայսօր, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևին է արժանացել 446 ուսանող և աշակերտ։ «Մենք գիտակցում ենք, որ չնայած մեր ժողովուրդը լուրջ փորձությունների միջով է անցնում, սակայն բոլոր արհավիրքներին և սպասվող մարտահրավերներին դիմագրավելու միակ ճանապարհը մեր երկրի տնտեսության զարգացումն է, բարձր տեխնոլոգիական ոլորտի հզորացումը։ Եվ այս նպատակներին հասնելու կարևորագույն բաղադրիչը կրթությունն է, որակյալ կրթական համակարգը և դրա զարգացմանը նպաստող ծրագրերի նախաձեռնումն ու իրագործումը», – ասում է Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը։ «Մրցույթը շարունակում է ծառայել իր նպատակին և նպաստել ուսանողների և աշակերտների գիտելիքների բարձրացմանը», – ասում է Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթ․ անդամ պրոֆ․ Վազգեն Մելիքյանը։ «Ի դեպ, այս տարի մրցույթին մասնակցող համալսարանների ցանկում ավելացել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը, իսկ Լավագույն սովորողների համար անվանակարգում մրցույթին մասնակցելու հնարավորություն են ունեցել ՀՀ ավագ և միջնակարգ բոլոր դպրոցների 10-12-րդ դասարանի աշակերտները»։
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել է կրթական վեց պարգև: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար նախատեսված պարգևները կշնորհվեն ամեն տարի:
Հաղթողները ստացել են հուշախորհրդանիշ, վկայական և դրամական պարգև։ Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական պարգևների պարգևաբաշխության ֆինանսավորումն իրականացնում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝ համաձայն ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի։

2019 թվականից՝ արդեն հինգերորդ անգամ անցկացվող «Սիլիկոնյան լեռներ» միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի կազմակերպիչը ՏՀՏԳՄ-ն է: Գագաթնաժողովն ամեն տարի մեկ հարկի տակ է միավորում տեխնոլոգիական ոլորտի հայաստանյան և միջազգային փորձագետների, պետական, հասարակական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների։

Leave a comment