ՏՏ համար մեկ խնդիրն է որակյալ մասնագետների պակասը․ տնտեսության առաջատար ճյուղում աշխատավարձերի փոփոխության պատկերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ում ՏՏ ոլորտը շարունակում է մնալ ամենաբարձր վարձատրվողը՝ 1 մլն 15 հազար դրամ, թեև 12 ամիսների ընթացքում ցուցանիշը չի աճել, այլ նույնիսկ փոքր-ինչ նվազել է՝ 1%-ով։ Սա վիճակագրական կոմիտեի տվյալներն են։ Աշխատավարձերի նվազման մասին բարձրաձայնում են նաև ոլորտի մասնագետներ։

ՏՏ ոլորտում առկա խնդիրների և պետություն-մասնավոր համագործակցության մասին Zarkerak.am-ը զրուցել է ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանի հետ. «ՏՏ ոլորտի աճի չափման տարբեր մոտեցումներ կան, ինչ-որ մասնագետներ ասում են, որ շրջանառության անկում է եղել, որոշներն ասում են, որ թվաքանակի անկում է եղել: Տարբեր ցուցիչներ ու բաղադրիչներ կարող են ազդել ոլորտային տարբեր վեկտորների վրա և այդպես, միանշանակ, պատասխանել, որ անկում է եղել, կամ չի եղել, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ»:

Անդրադառնալով ոլորտում առկա տեղաշարժերին՝ Մուսայելյանը նշում է. «Գաղտնիք չի, որ երկու տարի առաջ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով բավական ռելոկանտներ հայտնվեցին Հայաստանում, կարծում եմ՝ միջինացված 70-80 հազար մարդու մասին է խոսքը, և տարբեր պատճառաբանությամբ նրանցից ոմանք լքել են մեր երկիրը: Այստեղ կարևորն այն է, թե նրանք ինչ պատճառով են գնացել: Օրինակ՝ այժմ ԲՏԱ նախարարության կողմից մշակված և արդեն իսկ ընդունված օրենքի նախագիծը  բավական լուրջ առաջընթաց է աշխատանքային միգրանտների և նրանց Հայաստանում պահելու առումով: Առաջարկվում է տրամադրել աշխատավարձի և հավասարեցված այլ վճարումների վարձատրության գծով հաշվարկած եկամտային գումարի մոտ 60 տոկոսը, սա բավականին լուրջ թիվ է իրենց համար: Գաղտնիք չի օրինակ, որ նույն Վրաստանում հարկային քաղաքականությունն ավելի պարզեցված էր ու լավն էր, քան մերը և հիմա այս ծրագրերի միջոցով փորձում են այդ բացը լրացնել»:

Ոլորտում իհարկե, կան բացեր, թե որոնք են դրանք՝ մեր զրուցակիցն ասում է. «Առաջին բացը՝ որակյալ կադրերի պակասն է: Որակյալ կադրեր պատրաստելու համար համալսարաններն այսօր տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով այնքան էլ ի զորու չեն ՏՏ մի շարք մասնագիտությունների գծով այնպիսի կրթություն ապահովել, որ շրջանավարտներն անմիջապես ավարտելուց հետո պահանջարկված լինեն մասնավոր հատվածի կողմից: Դրա համար էլ մասնավորն իր վրա է վերցնում այդ բեռը, բայց միայն ինքը դա չի կարող անել, ինքը համալսարանների հետ պետք է աշխատի, համատեղ ծրագրեր լինեն, տարբեր կրթական ծրագրեր գեներացնելու միջոցով, լաբորատորինաերի գիտահետազոտական աշխատանքների մեջ ներդրումներ անելու միջոցով՝ պատրաստվեն որակյալ մասնագետներ: Սա ամենամեծ բացն է, եթե մենք որակյալ կադրերով ապահոված լինենք, ապա ոչ միայն տեղական ընկերությունները դրանից կօգտվեն, այլ արտասահմանյան ընկերություններն էլ օտարերկրյա ներդրումներ կբերեն, որպեսզի այդ որակյալ կադրերին աշխատեցնեն, իրենք հավելյալ արժեք ստեղծեն Հայաստանում: Եթե այդ որակյալ կադրերը քիչ են, ինչու պետք է իրենք գան մեզ մոտ»:

Մուսայելյանի խոսքով՝ ստեղծված պայմաններում վաղ է խոսել հայ մասնագետների պահանջարկի մասին միջազգային շուկայում. «Առաջին հերթին պետք է խոսենք հայ մասնագետների պահանջարկի մասին հայկական շուկայում: Եթե մենք որակյալ կադրերի պակաս չունենայինք, նոր կարող էինք ասել միջազգային ասպարազներում մեր մասնագետներն ինչ հեղինակություն ունեն»:

Իսկ թե որքանով է Հայաստանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կարողանում մրցակցել միջազգային շուկայում՝ Հովիկ Մուսայելյանը նշում է. «Նախ մենք պետք է հասկանանք՝ ոլորտի որ ճյուղի մասին է խոսքը, որպեսզի միջազգային շուկայում մրցակցենք: ՏՏ ոլորտը շատ բազմաֆունկցիոնալ է: Եթե բոլոր ուղղություններով առաջատար լինեինք, մեր երկիրը կլիներ գերզարգացած: Մեզ նման երկրները պետք է ոչ թե մտածեն բոլոր ուղղություններով զարգանալու մասին, այլ այն ուղղություններով, որոնցում մրցունակ ենք և արտաքին շուկայում կարող ենք արևի տակ մեր տեղն ապահովել: Իմ խորին համոզմամբ՝ դա միկրոսխեմաների նախագծման «չիփդիզայնի» ասպարեզն է, պատահական չի, որ այս ոլորտի աշխարհի երեք գիգանտներից երկուսը Հայաստանում են և բազմաթիվ որակյալ մասնագետներ ունենք»:

Մյուս խնդիրը՝ ըստ ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամի, կապված է հարկային քաղաքականության հետ. «Այս հարցն էլ կա, սակայն նոր օրենքի ընդունումը հույս է արթնացնում, կարծում եմ, որ այս քայլերի որոշակի դրական միտումները տեսնելուց հետո, պետք է հաջորդեն մյուս քայլերը: Այս օրենքով առաջին անգամ գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված մասնագիտական անձնակազմին աշխատավարձի եկամտահարկի մասով դրույքաչափի 10 տոկոս է սահմանվում, 20-ի փոխարեն: Այսինքն՝ այն ընկերությունները, որոնք գիտահետազոտական աշխատանքներում և կադրերի պատրաստման մեջ լուրջ ներդրումներ են արել, փաստորեն պետության կողմից խրախուսվելու են: Կային հատուկենտ ընկերություններ, որ այդ ներդրումներն անում էին, իսկ այն ընկրությունները, որոնք որևէ ներդրում չէին անում կրթության մեջ, ներդրումներ կատարած ընկերություններից, որոնք տարիներով կադրեր էին պատրաստում, մասնագետին վերցնում տանում էին իրենց մոտ, դա անհավասար և անառողջ իրավիճակ էր ստեղծում: Կարծում եմ՝ այն ընկերությունները, որոնք շահագրգռված են, որ օգտվեն տարբեր աջակցման ծրագրերից կամ հարկային արտոնություններից, պետք է փորձեն իրենք էլ այդ ներդրումներն անել կրթության մեջ, համալսարանների հետ համագործակցության մեջ»:

Ըստ Մուսայելյանի՝ ընդունված նախագիծն իհարկե, ամբողջովին ՏՏ ոլորտում հեղափոխություն չի առաջացնելու զարգացման առումով, բայց դա մի քայլ առաջ է լինելու նախկին բոլոր աջակցության ծրագրերից. «Շատ ենք հանդիպումներ ունեցել նաև նախարարի և նրա թիմի հետ: Ուրախ եմ, որ մեր առաջարկություններից շատերը հաշվի են առնվել այս օրենքում: Եթե օրենքի ընդունելուց առաջ հարցնեին, թե որքանով է ՏՏ ոլորտը պետության ուշադրության կենտրոնում՝ կասեի, որ բավական բացեր կան և պետք է այդ խնդիրները լուծվեն: Սակայն այժմ սա առաջին քայլն էր, շատ հոռետեսություն էլ կար դրա հետ կապված, շատերը չէին հավատում, որ այս օրենքը կընդունվի այն տեսքով, ինչով որ ընունվել է: Սա դեռ սկիզբն է: Ամենակարևորն այն է, որ այդ գիտակցումն ամրապնդվի, հանրային ընկալումն ամրապնդվի, որ ՏՏ-ն իրականում ոլորտը չի, այն շոգեքարշ է, որը տնտեսության բոլոր ճյուղերին տանում է առաջ»:

Մուսայելյանն ընդգծում է, որ Կառավարությունը պետք է ոլորտի հետ կապված իր առաջնահերթություններն ունենա, եթե չունենա՝ ոլորտն անընդհատ կդոփի նույն տեղում. «Եթե փորձես մեկ-երկու ճյուղում լուրջ զարգացումներ ունենալ, մրցունակ լինել արտաքին շուկայում, դա կարող է իր հետ բերել նաև մյուս ճյուղերի  և ընդհանուր տնտեսության զարգացմանը:  Պետության կողմից, հանրության կողմից պետք է լինի ընկալում, որ այս ոլորտի զարգացման միջոցով միայն կարելի է թռիչքային զարգացումներ ապահովել ամբողջ տնտեսության ողջ սպեկտրով: Դա ոչ միայն հնարավոր է, այլ մենք ուրիշ այլընտրանք չունենք: Սա շահեկան է մեզ համար, որովհետև Հայաստանը շատ լավ տրադիցիաներ է միշտ ունեցել, և մենք պետք է շարունակենք այն: Եթե մենք սխալ թույլ տանք և այս ամենն այսքանից հետո փոշիանա, ուրեմն դա կլինի ուղղակի աններելի մեզ համար»:

Իսկ թե ինչպիսինն է ներկայումս ՏՏ ոլորտի աճը՝ ԲՏԱ նախարարությունից Zarkerak.am-ի հարցմանն ի պատասխան՝ նշում են. «2021 թվականին ՏՏ ոլորտի աճը 2020 թվականի նկատմամբ կազմել է 117.8%2022 թվականին 2021 թվականի նկատմամբ՝ 175.7%2023 թվականին՝ 2022 թվականի նկատմամբ՝ 152.4%2024 թվականի տարեկան տվյալները կամփոփվեն 2025 թվականի տարեսկզբին»:

Ինչպես փաստում են նախարարությունից՝ պարբերաբար իրականացվում են ոլորտի խթանմանը միտված միջոցառումներ. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն հարկային արտոնությունների հավաստագիր է տրամադրվում, որով տնտեսվարող սուբյեկտների համար մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ գործել է եկամտահարկի 10% և շահութահարկի 0% դրույքաչափը: 2024 թվականի համար գործում է միայն եկամտահարկի 10% դրույքաչափը: Օրենքի ընդունման պահից մինչև այժմ արտոնություն են ստացել 4407 տնտեսվարող սուբյեկտ:

Ոլորտի մասնագետները ՏՏ-ում առկա գլխավոր խնդիրը համարում են որակյալ մասնագետների պակասը, թե ինչ է անում այս ուղղությամբ ԲՏԱ-ն՝ նախարարությունից նշում են. «Նախարարության կողմից իրականացվում է «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» կրթական ծրագիրը և այլ ծրագրեր:

Նախարարությունից ընդգծում են, որ ՀՀ ՏՏ ոլորտը դինամիկ զարգացող և մրցունակ է միջազգային շուկայում՝ շնորհիվ հենց որակյալ մասնագետների, բարձր տեխնոլոգիական լուծումների, գլոբալ ընկերությունների ներգրավվածության և կառավարության ոլորտի զարգացմանն ուղղված քայլերի:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իրենք տեղյակ են ոլորտի մասնագետների կողմից բարձրաձայնվող խնդրին՝ կապված աշխատավարձերի նվազման հետ՝ ԲՏԱ-ից նշում են. «Ոլորտում աշխատավարձերի նվազման տոկոսի վերաբերյալ տվյալներ նախարարությունում առկա չեն, սակայն օրենքն ուղղված է այդ խնդրի լուծմանը»:

Խոսելով նաև վերջերս ԱԺ-ում ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի մասին՝ նախարարությունից փաստում են, որ այդ օրենքի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի և հարկային արտոնությունների շրջանակի վերանայումն է՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զարգացում ապահովելու համար:

Աննա Բզնունի

19 Դեկտեմբեր, 2024 16:00

Leave a comment