Հայաստանի ապագա զարգացման հիմնական ներուժը մարզերում է

logo-eco
Երկխոսություն ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ

Հովիկ ՄուսայելյանՊարոն Գևորգյան, Ձեզ հետ ցանկանում ենք զրուցել այն պրոբլեմների շուրջ, որոնք այսօր առկա են Հայաստանի մարզերում: Ուզում եմ առանձնացնել հատկապես աշխատատեղերի ու դրանից բխող` արտագաղթի խնդիրը։ Անշուշտ, տեսանելի են պետության կողմից արվող քայլերը, սակայն կուտակված և նոր առաջացող խնդիրներն այնքան լուրջ են, բարդ, որ դրանք դեռևս անհանգստացնում են մեր հանրությանը։ Կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ Հայրենիք ասելով և’ Հայաստանում, և’ սփյուռքում մարդիկ կարծես թե կորցնում են տարածքային զգացողությունը, հայրենիք ասելով հասկանում են Երևանը, իրենց կամ նախնիների ծննդավայրը, Արարատ սարը…Հայ մարդը տարօրինակ երկվության մեջ է հենց միայն այն պատճառով, որ դեռ սովետական տարիներից հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է մայրաքաղաքի զարգացման վրա, և երկիրը կարծես թե բաժանվել է երկու մասի` Երևան և մարզեր։ Պետք է վերականգնել այն ճշմարիտ զգացողությունը, որ հայրենիքը ձգվում է հեռավոր սահմանամերձ գյուղերից մինչև մայրաքաղաքի սիրտը։ Ապակենտրոնացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին կցանկանայի լսել ձեզնից, ինչն, անկասկած գերագույն խնդիրներից մեկն է դարձել հանրապետության համար։ Ինչպիսին է վիճակը մարզերում և ինչու է դանդաղում այնտեղ առկա ներուժի օգտագործումը: Չէ որ դա է միակ հնարավոր պայմանը, որ մարդիկ դեպի մայրաքաղաք չձգտեն, կամ երկրից դուրս գնալու մասին չմտածեն, այլ տեղում կայանան, աշխատեն, հաջողության հասնեն:

Արմեն ԳևորգյանՆախ և առաջ շնորհակալություն եմ ուզում հայտնել այս հանդիպման կազմակերպման, նաև` ձեր ընթերցողների հետ որոշ մտահոգությունների, արված գործերի շուրջ կիսվելու հնարավորությունն ստեղծելու համար։ Հատկապես վերջին տարիներին, երբ աշխատանքի բերումով հաճախ եմ լինում մարզերում ու համայնքներում, անմիջականորեն առնչվել եմ տասնյակ տարիների ընթացքում ձևավորված  գերկենտրոնացման հետևանքներին։ Գուցե թե կարող ենք դա արդարացնել` մեջբերելով տարատեսակ օբյեկտիվ պատճառներ, սակայն մեր իսկ ձեռքով մեզ համար լրջագույն խնդիր ենք ստեղծել։ Իսկ դա այսօր էական խոչընդոտ է տեղերում բիզնես գործունեություն նախաձեռնել ցանկացողների համար։ Բիզնեսը իր համար որոնում է կայացման բարենպաստ պայմաններ, իսկ  տնտեսական զարգացման համար անհրաժեշտ հնարավորությունները հիմնականում կենտրոնացվել են Երևանում։ Բայց, իմ խորին համոզմամբ, Հայաստանի ապագա զարգացման պոտենցիալը հիմնականում գտնվում է մարզերում, որովհետև Երևանի հնարավորություններն անսպառ չեն։ Կյանքը ցույց է տալիս, որ Երևանում արդեն պետք է զբաղվենք եղած հնարավորությունների կարգավորմամբ, քաղաքն ավելի հարմարավետ դարձնենք բնակիչների համար։ Երևանի զարգացումը բերել է նրան, որ երևանաբնակ մարդկանց համար որոշակի խնդիրներ են արդեն առաջանում, սկսած նրանից, որ երթևեկությունը բավական ծանրանում է, ինչը նորություն է մեզ համար, վերջացրած նրանով, որ դպրոցների, բնակելի տների բաշխվածության, հանգստի գոտիների ստեղծման հարցերն են դարձել օրախնդիր։ Այսինքն` Երևանը լավ բիզնես միջավայրից պիտի դառնա լավ ապրելու միջավայր ունեցող քաղաք։ Կառավարությունը վերջին տարիներին  փորձում է հիմնական ուշադրության կենտրոնում պահել մարզերում բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու հնարավորությունների հարցը, որպեսզի քաղաք գալու այդ գայթակղությունը կամաց-կամաց վերանա։ Ցավոք սրտի, մենք այսօր երկու կարգի միգրացիա ունենք` գյուղից դեպի քաղաք, և` երկրից դեպի արտերկիր։ Տարբեր գնահատականներ կան ծավալների վերաբերյալ, բայց այդ շարժը առկա է, և հիմնական խնդիրն այն է, որ պայմաններ ստեղծվեն հատկապես մարզերում, որպեսզի բնակչությունը տեղում կարողանա իր հիմնական պահանջմունքները բավարարել։ Իհարկե, հիմնականում խոսքը գումարներ վաստակելու մասին է, որպեսզի մարդը կարողանա արժանապատիվ ապրել, երեխաների կրթության և դաստիարակության համար անհրաժեշտ պայմաններն ապահովել։ Այս իմաստով մեզ երկար և բարդ ճանապարհ է սպասվում։ Այո, վերջին տարիներին որոշ աշխատանքներ իրականացվել են։ Նպատակային ծրագրերի համար հավաքվող գումարները ուղղում ենք  մարզային խնդիրների լուծմանը։ Պետք է արձանագրենք, որ զբաղվածության, մասնագիտացման առումով նոր իրավիճակ է ստեղծվել`  գյուղական երիտասարդությունը իրեն չի պատկերացնում գյուղատնտեսության մեջ։ Ավելի շատ նրանք իրենց ապագան տեսնում են արտադրության մեջ, ուրիշ այլ ոլորտներում, գյուղական միջավայրից շատ հեռու մասնագիտություններում։ Կանգնած ենք հետեւյալ խնդրի առջեւ. անհնար է, որ գյուղական համայնքներում մենք երբևէ կունենանք արտադրության այնպիսի ծավալ,  ինչպիսին եղել է խորհրդային տարիներին։ Պետք է մտածել այլ կերպ,  ձգտել այնպես անել, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը ձեռնտու լինի։ Դրան են ուղղված  պարարտանյութերի, դիզվառելիքի սուբսիդավորումը, մատչելի վարկեր տալը, գյուղտեխնիկայի ձեռքբերումը նպաստավոր պայմաններով։ Եթե մարդը  դժգոհ լինի իր վաստակից, անշուշտ, նա դա կորոնի այլ տեղերում։ Եթե տարածքների համաչափ զարգացման ծրագիրը հաջողությամբ իրականացնենք, բոլորն արդեն Հայաստանն ամբողջական կընկալեն։ Եվ այդ միտումներն արդեն ակնհայտ են։ Իմ այցելությունների ժամանակ տեսնում եմ, թե ինչ հոսք կա դեպի մարզեր, տուրիստների թիվն անընդհատ ավելանում է։ Դա ուրախացնում է, որովհետև պիտի ընդունել, որ Հայաստան այցելողների համար ավելի հետաքրքիր է մեր երկիրը բացահայտել ոչ թե Երևանով, այլ մարզերում իրական Հայաստանը տեսնելով։ Օրինակ, Տաթևի ճոպանուղու գործարկումից հետո Գորիսի տարածաշրջան մեծ քանակությամբ մարդիկ են այցելել ոչ միայն արտերկրից, այլև հանրապետության այլ վայրերից։ Հանգստյան օրերին անգամ մեծ հերթեր են գոյանում։ Այնտեղ մարդկանց գրավելու նաև նոր լուծումներ են գտել. Տեղ գյուղում կախովի կամուրջ են կառուցել, ինքս այն բացահայտեցի արտասահմանյան հեռուստաընկերության պատրաստած հաղորդմամբ, որից հետո անձամբ գնացել և տեսել եմ այդ կամուրջը։ Շատ գոհացուցիչ է, որ սպասարկման ոլորտում աշխատող նոր կադրերը նաև մարզերում են պատրաստվում։ Օրինակ, Ծաղկաձորում վերջին ամիսների ընթացքում երկու նոր հյուրանոցներ են բացվել, որոնք իրենց մատուցած ծառայություններով գերազանցում են մայրաքաղաքայինը։ Աշխատող կադրերը տեղացիներ են, տեղում հավաքագրված, մասնագիտացված։ Իհարկե, նման հաջողությունները դեռևս դժվար է համատարած դարձնել, դրա համար ժամանակ է պետք, բայց տեղաշարժն է կարևորը, ինչը ակնհայտ է։  Մեկ անգամ եւս պետք է նշեմ, որ Հայաստանի հետագա զարգացումը մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է, եւ առաջին հերթին,  մարզերում  բնակչության զբաղվածության  խնդրի լուծումը։ Միաժամանակ պետք է նկատել, որ տարեց տարի փոխվում է մեր առջև բարձրացվող խնդիրների բովանդակությունը։  Դեռ վերջերս մարզերում բողոքում էին հեռախոսակապի վատ ծառայությունից, իսկ այսօր` ինտերնետի արագությունից։ Այսինքն, դեռ չհասցնելով բավարարել մի կարիք, մեզ մոտ արագ առաջանում են նոր պահանջներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում,  որպեսզի գյուղի երիտասարդությունը այն չորոնի մեկ այլ տեղ։ Դա խոսում է մեր ժողովրդի լավագույն հատկանիշներից մեկի մասին, որ մենք միշտ ձգտում ենք ամենալավին, մեր բնավորության մեջ ամուր նստած է  հետ չմնալը,  ընձեռված հնարավորություններից օգտվելու ձգտումը։ Ցավոք սրտի` անչափ շատ անելիքներ են կուտակվել, շատ ու շատ վատ պայմաններում գտնվող դպրոցներ և առողջապահական հիմնարկներ ունենք։ Բայց, օրինակ, վերջին տարիներին բացված լավագույն նորոգված հիվանդանոցները մարզերում են, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա ստանալ որակյալ բուժծառայություններ և այնտեղ աշխատող երիտասարդ բժիշկը նույնպես բավականություն ստանա իր աշխատանքային պայմաններից։ Իմ շրջայցերի ժամանակ հետաքրքիր իրողություն բացահայտեցի, ինչն անգամ զարմանալի կթվա։ Ամենավատ շենքային պայմաններ ունեցող դպրոցները Արարատյան դաշտավայրի բնակավայրերում են։ Սա կարող է գյուղից քաղաք հեռանալու պատճառ դառնալ, մանավանդ որ` մայրաքաղաքը նրանց ավելի մոտ է։ Բիզնեսի համար պայմաններ ստեղծելու խնդիրն ունենք։ Դրա համար առաջին հերթին ճանապարհային ցանցը պիտի բարելավվի, 2-ը` ջրի հարցն է, և ոռոգման, և խմելու։ Ցանցերը հնացած են, մեծ ներդրումներ պահանջող ոլորտ է։ Երրորդը սոցիալական ենթակառուցվածքների խնդիրն է, առողջապահական հիմնարկները, մանկապարտեզները, դպրոցները համապատասխան կահույքով, տեխնիկական միջոցներով պիտի համալրվեն։ Եթե սրանք լուծված լինեն, կարծում եմ 50 տոկոսով լուծած կլինենք խնդիրը, մյուս 50 տոկոսը վաստակի աղբյուր ունենալն է։

Հ.Մ.-Դուք ասում եք` հայերին բնորոշ է լավ ապրելու ցանկությունը։ Իսկապես, հայերը միշտ ձգտում են իրենց պատկերացմամբ ավելի լավ, բարեկեցիկ միջավայրում ապրել։ Այդ իմաստով ես միշտ մի օրինակ եմ բերում։ Սահմանամերձ գյուղից երեխան գալիս է Երևան, ընդունվում ֆիզմաթ դպրոց, երկու տարի անց ընդունվում համալսարանի  կամ պոլիտեխնիկի համապատասխան ֆակուլտետ, երկու տարի անց Սինոփսիսի ծրագրով գալիս է ընկերության ուսումնական դեպարտամենտում  սովորելու, երկու-երեք տարի հետո մենք կարող ենք նրան ուղարկել Ամերիկա կամ Կանադա  ուսումը 6 ամսով շարունակելու կամ աշխատանքային գործունեություն իրականացնելու։ Եվ ամերիկացիները այնպիսի զարմանքով են լցվում, երբ իմանում են, որ այդ երեխան ընդամենը մի քանի տարի առաջ է գյուղական կյանքը փոխել քաղաքայինի հետ։ Որովհետև, եթե հետևենք այդ մի քանի տարիների ընթացքում նրա անցած ճանապարհին, պիտի անպայման նկատենք, որ բոլոր փուլերում առկա են ստրեսային հոգեբանական իրավիճակներ, որոնք հեռավոր մարզից եկած երեխան  ոչ միայն հաջողությամբ հաղթահարում է, այլև կարողանում է կայանալ ու գերազանց հաջողություններ ունենալ։ Մերոնք այդ ստրեսները հեշտորեն կրում են, դա ակնհայտ իրողություն է։ Մի կողմից` լավ է, որ մեր երիտասարդները կարողանում են հաղթահարել բոլոր արգելքները, բայց մյուս կողմից էլ դա բերում է արտահոսքի, որովհետև այդ հատկանիշի, արագ հարմարվելու շնորհիվ դրսում նրանք կարողանում են արագորեն իրենց համար անկյուն գտնել։

Ա.Գ.Այո, հենց արտահոսքի շարժառիթներից մեկն է դա` մեր բնակչության զգալի մասի մոտ առաջ գնալու մղումը մեծ է, և իրոք, որպեսզի ժամանակակից պայմաններում մարդն իր պատկերացրած գիտելիքն ստանա կամ դրսևորվելու ասպարեզը գտնի` դեպի դուրս է նայում։ Դա շատ նորմալ հատկություն է, մարդը ցանկանում է ճիշտ, նորմալ կենսագրություն ձևավորել իր համար։ Ինքս էլ ձեր պատմածի նման օրինակ ունեմ։ Երկու տարի առաջ Եղեգիսի կիրճի գյուղերից,  մեկում համայնքի ղեկավարների, ավագանու ակտիվի հետ հերթական հանդիպման ժամանակ քննարկում էինք առկա խնդիրները սեփական ուժերով լուծելու հնարավորությունները։ Հանդիպմանը ներկա մի կին հարց ուղղեց, թե ինչպես կարելի է  անել, որ իր որդին վերադառնա գյուղ։ Պարզվում է, տղան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել  է երևանյան բուհերից մեկը, ավարտել, աշխատանքի անցել մի ընկերությունում որպես ծրագրավորող և բարձր աշխատավարձ է ստանում։ Ասում եմ` մայրիկ, դուք պիտի ուրախ լինեք ձեր տղայի հաջողությունների համար. անգամ եթե մենք ամբողջությամբ լուծենք գյուղի խնդիրները, հինգ տարի հետո էլ այստեղ նա չի ունենա իրեն վայել պայմանները, որպեսզի ոչ միայն դրսևորվի, այլև առաջ գնա, գիտելիքներն ավելացնի։ Նա այդ հնարավորությունը այստեղ չի ունենա, և պետք չի նրան հետ բերելու ջանքեր գործադրել։ Համոզված եմ, որ տղան, որ կարողացել է Եղեգիսի կիրճի այդ փոքրիկ գյուղից գալ Երևան, ծրագրավորող դառնալ` եթե պայմաններն իրեն չգոհացնեն, նա կարող է անգամ դրանք այլ երկրներում որոնել։ Մենք այդպիսի երիտասարդների համար դեռևս գյուղում համապատասխան պայմաններ չենք ունենալու։ Ես սա ափսոսանքով եմ ասում։ Երբ ասում եք, որ հայերը ձգտում են լավին, ես կասեի` ամենալավին են ձգտում, և դա շարժվելու, առաջ գնալու երաշխիք է տալիս։ Բայց, այնուամենայնիվ, այդ խնդիրը կա, երիտասարդ սերնդին Հայաստանում դրսևորվելու պայմաններ ստեղծելու մեր հնարավորությունները դեռ սուղ են, մեր բուհերի նյութատեխնիկական բազան նշանավոր բուհերին զիջում է, չնայած մեր դասախոսական կազմում հիանալի մասնագետները քիչ չեն։ Բայց չենք կարող հպարտությամբ չարձանագրել, որ «Լույս» հիմնադրամի միջոցով Հայաստանում կրթություն ստացած 100-ից ավելի երիտասարդներ այսօր սովորում են աշխարհի 10  լավագույն բուհերում, և այդ երեխաները մեր դպրոցներում և բուհերում են կրթվել, գիտելիք ձեռք բերել, մեր մանկավարժների, մեր դասախոսների աշխատանքի արդյունքն է։ Այլ բան, որ նրանք պետք է վստահ լինեն, որ երբ համապատասխան գիտելիքն ստանում են, կարող են հետ գալ և կրթության արդյունքներով նաև այստեղ մասնագիտորեն ինքնադրսևորվել։ Դա պայմանավորված է նաև վարձատրության մակարդակով. նույն գիտելիքներով, լեզվի իմացությամբ դրսում շատ ավելի բարձր են վարձատրվում։ Բայց, նաև կարող եմ ասել, որ հնարավորություն կա կյանքի լավ որակ ունենալ նաև այստեղ։ Ժամանակակից կյանքի պահանջմունքները, որոնք առկա են արտերկրում, նաև այստեղ կան։ Պարզապես, դեռևս մենք սահմանափակ հնարավորություններ ունենք նրանց ուժերն օգտագործելու համար։ Առա’յժմ սահմանափակ, որովհետև ուրվագծվում են մի շարք նախագծեր, որոնք շատ շուտով նրանց գիտելիքների ներդրման ասպարեզ են դառնալու։ Օրինակ, այն ծրագրերը, որոնք Ռուբեն Վարդանյանի աջակցությամբ իրականացվում են Դիլիջանում, շատ հետաքրքիր և բացառիկ են։ Միայն այն հանգամանքը, որ տարածաշրջանում նմանատիպ միջազգային դպրոց չկա, բերելու է նրան, որ Հայաստանը  կենտրոն է դառնալու, և համոզված եմ, որ առաջին տարիներին ստիպված ենք լինելու դրսից մասնագետ դասախոսներ հրավիրելու, մինչև որ տեղում կունենանք համապատասխան կադրեր։ Համոզված եմ, որ հիմա բերելու ենք, բայց մի քանի տարի անց առնվազն մի քանի տասնյակ պոտենցիալ աշխատատեղ է լինելու նաև հենց «Լույսի» միջոցով կրթություն ստացածների համար։ Դժվար է այս ամենով ոգևորել հասարակությանը, որովհետև մարդկանց հուզող խնդիրներն այնպիսին են, որ նրանք այլ բաներ են ցանկանում լսել։ Օրախնդիր հարցերը դեռևս շատ են։  Հարկ է նշել, որ  կենսական նշանակության խնդիրների լուծումից` նույն աշխատատեղերի ստեղծումից բացի,  պետք է նաեւ պատկերացումներն ու մոտեցումները փոխվեն։  Օրինակ, պարբերաբար անցկացվող քաղաքացիների ընդունելության ժամանակ մի բան եմ նկատել. մարդը գալիս է ինչ-որ խնդրանքով, որը օրենքի շրջանակում բավարար լուծում ստանալ չի կարող, ու պարտավոր ես մերժել, սակայն պարզվում է, որ  նա  ակնկալում է, որ դու կարող ես օրենքը շրջանցելով օգնել իրեն։ Սա շատ լուրջ խնդիր է, և սրանից են ծնվում շատ բացասական երևույթներ` սկսած կաշառակերությունից, մինչև դպրոցում գումարներ հավաքելը։ Երբ ասում ես` դա իմ հնարավորություններից դուրս է, օրենքը նման բան թույլ չի տալիս, զարմանում են, ասում են` եթե ուզենաք, կլուծեք։

Հ.Մ.-Այստեղ թերևս արժե մի քիչ էլ խոսել սոցիալական արդարությունից։ Երբ դուք խոսեցիք ենթակառուցվածքներից, նաև երիտասարդներին վերաբերող խնդիրներին անդրադարձաք, միևնույն ժամանակ, կարծում եմ, պետք է խոստովանենք, որ այդ երիտասարդները գյուղում նաև  իրենց ծնողների հանդեպ տեղի ունեցող անարդարություններ են տեսնում։ Օրինակ, հողը ստացած շատ մարդիկ իրենց տրված հողը չեն օգտագործում, ու դա պետականորեն որևէ գնահատականի չի արժանանում, անտարբերության է մատնված ու թույլ է տրվում: Կամ` որ անարժան մարդիկ իշխանություն են ձեռք բերում։ Պետք է ընդունենք, որ, իսկապես, նրանց աչքի առաջ շատ անարդարություններ են կատարվում։ Այս տեսանկյունից դիտարկելով` կարող ենք ասել, որ, երբ մարդիկ ձեզ մոտ են գալիս, գալիս են արդարության հետևից։ Նախկինում ինչպես էր` իշխանության բարձրագույն մարմինը` թագավորը, ասում էր` օրենքը ես եմ, և նա կարող էր ցանկացած որոշում կայացնել իրեն դիմած ցանկացած մարդու համար։ Իշխանության դուռը եկած մարդուց լսելով, որ օրենքը դա թույլ չի տալիս, անհասկանալի է թվում, որովհետև չէ որ նա գիտի բազում օրինակներ, որ շատերի կողմից օրենքը շրջանցվել և իրենց ուզածին հասել են։ Երևի թե կադրային բազան պետք է խիստ կարևորել, պատահական մարդիկ այլևս չպիտի իշխանության գլուխ կանգնեն։ Այսօր առկա է երիտասարդների բարձր կրթական ցենզը, բայց չէ որ նրանք դեռևս իրական կյանքում արժանի դերակատարություն չունեն։ Խոսեցինք բժիշկներից։ Ո՞ւմ հետ պիտի պայմանագիր կնքի բուժհաստատությունը`բնավ ոչ երիտասարդ բժշկի, այլ 60-70 տարեկան բժիշկների հետ։ Երիտասարդը այդքան չի սպասի, մինչև վիճակը բարելավվի, նա պարզապես կհեռանա, ինչպես և անում է։ Բայց, միևնույն ժամանակ նաև հաճելի ու հուսադրող է, որ ամենաիրազեկ մարդը լինելով` լավատեսական զգացումներով եք նայում երիտասարդներին, մարզերում մեծացող նոր սերնդի հանդեպ հաճելի ջերմությամբ։ Մենք միասին 2005 թվականին մի գերազանց, կարելի է ասել`փայլուն նախաձեռնության հիմքը դրեցինք` ՀՀ նախագահի կրթական պարգևների գաղափարը մշակեցինք, որն արդեն յոթերորդ տարին է Սինոփսիսը իրականացնում է` այն դարձնելով միջազգային։ Լավագույն ուսանողների, աշակերտների հիանալի թեկնածուներ են հաղթող դարձել։ Վերջին երկու տարին  մրցույթի մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու համար հանձնաժողովը գնում է մարզեր,որտեղից վերադառնում եմ ոգևորությամբ, տեսնելով, թե  այդ երեխաները որքան գիտելիքներ են կրում, միաժամանակ` ինչպիսի հայրենասիրություն կա նրանց մեջ։ Հարց ենք տալիս, թե աշխարհում ամենախելացի երեք ազգերն ովքերն են, Գյումրիում և Վանաձորում առաջինը նշում են հայերին։ Հետո ասում ենք` այդ դեպքում ` ինչու ենք այս օրին։ Նրանք մի քիչ շփոթվում են, սակայն, միևնույն է, պնդում են իրենց կարծքիը: Նրանք վստահ են հայ ժողովրդի ուժի վրա:  Լավ, պարզ միջավայրում մեծանալով, չնայած` երեխա, սակայն ընդունակ իրենց շրջապատող միջավայրում որոշակի անարդարություններ տեսնելու` ձգտում են գալ Երևան, մտածում են` Երևանում արդարությանն ավելի մոտ են, այստեղ են դատավորները, և ավելի հանգիստ կկարողանան հաջողություն ունենալ, բիզնեսով զբաղվել, ամուսնանալ, բայց այստեղ էլ դա չեն գտնում, գնում են Եվրոպա, այնտեղ էլ չեն գտնում… Սուտ է, որ ասում են` գնացին, դժվարություններից պրծան, ոչ, համարյա թե բոլորն էլ վերադառնալու մասին են երազում,բայց անգամ  ամենացածրակարգ աշխատանքն են անում դրսում, միայն թե այստեղ չասեն, թե չկարողացան կայանալ։ Ինչպես անենք, որ այդ մաքրությունը պահպանենք, երեխաները չկորցնեն իրենց երազանքները։

Ա.Գ.-Միանգամայն համաձայն եմ, ես նույնպես յուրաքանչյուր շրջայցից  ոգևորված եմ վերադառնում` անկախ բազմաթիվ խնդիրներից, որոնց մասին լսում ես, դժվարություններից, որոնք այնտեղ կան, կենցաղային պայմաններից սկսած, շատ դեպքերում անլուծելի թվացող խնդիրներից, բայց ոգևորված եմ գալիս, որովհետև միշտ տեսնում եմ ցանկություն երկխոսելու, չընկճվելու, լավատեսությունը նրանց մոտ միշտ առկա է։ Համաձայն եմ, դա պարզության վրա է հենված, որովհետև այդ մարդիկ շատ ակնկալիքներ չունեն, քչով բավարարվող են, և, վերադառնալով, վատ եմ զգում, որ հաճախ այդ քիչն անգամ բավարարել չենք կարողանում։ Ուզում եմ կրկնել` մեր հաջողությունները մեծապես պայմանավորված են մարզերում ունենալիք հաջողություններից։ Համաչափ զարգացման խնդիրը մարդկանց երջանիկ, ապահով զգալու, իր տանը իր երջանկությունը գտնելու նպատակն է հետապնդում։ Շատ դեպքեր են լինում, երբ մարդը իրեն զգում է  ոչ արդար վիճակում, և իրեն թվում է, թե աշխարհն իր դեմ է։ Կամ, երբ համայնքում հաղթում է ոչ իրենց թեկնածուն։ Անարդարության զգացումը, դժգոհությունը համայնքներում կարողանում են իրենց ուժերով հաղթահարել։ Անցյալ տարի ՏԻՄ ընտրություններում ղեկավարների  20 տոկոսը փոխվեց։ Շատ է խոսվում, որ 10 տարուց ավելի աշխատող ղեկավարներ ունենք, որ սենդափոխություն պիտի արվի,բայց սա  ճիշտ կամ սխալ գնահատելը հարաբերական է, որովհետև կարևորը աշխատանքի լավ արդյունք ունենալն է։ Այս անգամ ընտրվածների թվում շատ են երիտասարդ կամ միջին սերնդի մարդիկ։ Նշանակում է` հասարակությունը առաջընթացը երիտասարդության մեջ է տեսնում։ Այսօր այնքան էլ հեշտ չէ համայնք ղեկավարելը, որովհետև բազմազան խնդիրներ կան լուծելու: Շատ մոբիլ պիտի լինել, ամենատարբեր հարցերով զբաղվելու կարողությունը պիտի ունենաս, այս ու այն կողմ գնալու եռանդը պիտի լինի մեջդ, ճիշտ կողմնորոշվելու, շփվելու մշակույթին պիտի տիրապետես։ Երբ համայնքի ղեկավարը երկար է մնում այդ պաշտոնին, այդ ձգտումները վերանում են, և փոփոխության անհրաժեշտությունն է առաջանում։ Հուսով եմ, որ ընտրությունների արդյունքում երիտասարդները հնարավորություն ունենալու են թե համայնքի ղեկավար, թե ավագանու անդամ ընտրվելու։

Ավագանու ինստիտուտի դերը դեռևս լավ չի գիտակցված։ Այն թերագնահատված է, լիարժեք դեռ չի աշխատում, չեն պատկերացնում, թե ինչ կարևոր գործառույթներ ունեն հենց իրենք, բայց եթե կարողանանք երիտասարդների մեջ ավագանու հանդեպ հետաքրքրություն առաջացնել, շատ հարցեր կլուծվեն` նրանք կարող են վերահսկողություն սահմանել, հարցերը լրջորեն և միասին քննարկել, որոշումներ կայացնել։ Շատ դեպքերում, երբ ես սկսում եմ այս կամ այն համայնքում կամ գյուղում ինչ-որ հարցերի շուրջ բացատրություններ տալ, հաճախ եմ ասում, որ բարձրացված խնդիրները իրենց լուծելիքն է,և, եթե համայնքի ղեկավարը քայլ է արել, որը ձեր սրտով չի, հենց դուք պիտի այն կարգավորեք։ Ցավոք սրտի, սովետական իներցիան դեռևս գերիշխում է, անգամ երիտասարդներն են հակված մտածելու, որ կենտրոնական իշխանությունը պիտի բոլոր հարցերին լուծում տա, ոչ թե ավագանին ու համայնքի բնակչությունը։ Հասկանալի է, որ դա նաև ունի օբյեկտիվ պատճառներ, որովհետև այսօր մեր ՏԻՄ-երը դեռևս այդ կադրային ռեսուրսը չունեն։ Ունենք այն, ինչ ունենք, բայց բոլորն էլ շատ սրտացավ են վերաբերվում համայնքի խնդիրներին, այլ բան, որ շատ դժվար է բոլոր խնդիրներին լուծում տալը։ Այստեղ գլխավորն այն է, որ համայնքի յուրաքանչյուր անդամ համոզված լինի, որ ընտրությունն արդար է եղել։ Օբյեկտիվ է նաև այն, որ եթե համայնքի անդամների գերակշիռ մասը մեկը մյուսի բարեկամներ են, ապա անխոս աջակցում են իրենց արյունակից թեկնածուին։ Սա ևս օրինաչափ է։ Միայն թե լինի ընտրության արդարության զգացողությունը։ Սա շատ կարևոր է։ Եթե այդպես է` նա ցանկացած հարց կարող է հանգիստ լուծել, եթե ոչ` միշտ պրոբլեմներ է ունենալու։

Կարծում եմ,  բոլորն են գիտակցում, որ այսօր հնարավորությունները  խիստ սահմանափակ են այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որ վերջին տասնամյակում Հայաստանից մեկնած միջին սերնդի ներկայացուցիչները վերադառնան Հայաստան։ Բայց դա իրատեսական խնդիր է։ Իմ համոզմունքը, որ մենք կարող ենք  հաջողություններ ունենալ այս գործընթացում, պայմանավորված է  նրանով, որ Հայաստանից մեկնածների մի զգալի մասն իրենց երեխաների կրթության, դաստիարակության հեռանկարը տեսնում է Հայաստանում, հայկական միջավայրում։ Մենք մեծ դեր ենք տալիս ընտանիքին, և վերջին հաշվով, ինձ թվում է, դա էլ եղել է հայերի փրկությունը։ Որտեղ էլ հայը եղել է, միշտ առաջին տեղում ընտանիքն է դրել, երեխաների դաստիարակությունը։ Գնացողները ցանկանում են երեխաներին Հայաստանում մեծանալու հնարավորություն տալ։ Ծնողների ներուժը օգտագործելու հնարավորությունը եթե այսօր չունենք, գոնե պետք է երեխաներին հայրենիքում մեծացնելու և լավ կրթություն տալու հնարավորությունը նրանց տանք։ Սա ևս մեծ կարևորության խնդիր է, ինչը լուծելու համար շարունակական և արդյունավետ ջանքեր են գործադրվում պետության կողմից։

Հ.Մ.- Փորձը ցույց է տալիս, որ օտարները Հայաստանն սկսում են սիրել, երբ գնում են մարզեր։ Օտար երկրների դիվանագետների, հյուրերի, այցելուների հուշերում, խոսքում, տպավորություններում տեսնում ես, որ նրանց պարզապես գրավում է մարդկանց հյուրընկալությունը, բնաշխարհը, պատմական հուշարձանները, սովորական մարդկային ջերմությունը։ Մեզանում եղել է քույր քաղաքների փորձը` պայմանագրեր էին կնքում, գուցե թե որոշները չեն աշխատել, բայց որոշներն էլ հրաշալի աշխատել են։ Պետք է վստահաբար ասել, որ նման շփումներն անպայման օգտակար ու շահեկան են մեզ համար, որովհետև նման դեպքերում համագործակցությունը կառուցվում է մարդկային անմիջական հանդիպումների, միմյանց մարդկայնորեն ճանաչելու զգացմունքային աշխարհում։  Դուք նման հարաբերություններում զարգացման ռեսուրս չե՞ք տեսնում։

Ա.Գ.-Համաձայն եմ, որ շատերը Հայաստանը իսկապես բացահայտում են` լինելով մարզերում։ Որովհետև, ովքեր Երևանի կյանքով ապրում են, այդ նույն հնարավորությունն ունեն նաև իրենց երկրներում։ Եվ պատահական չէ, որ մարդիկ օրերով, շաբաթներով կարող են հանգրվանել այս կամ այն մարզում և բավական հետաքրքիր տպավորություններով  վերադառնալ։ Ինչ վերաբերում է կապերին։ Մենք դրա համար ամեն ինչ անում ենք։ Խանգարում են մի քանի բաներ,առաջին տեղում  լեզվական արգելքն է, որովհետև համայնքների ղեկավարների մեծ մասը չի տիրապետում օտար լեզուների։ Մի պահ կար, որ նման ուղղվածությունը դեպի ԱՊՀ երկրներ, հատկապես Ռուսաստան էր, որովհետև այդ արգելքը չկար։ Մյուս կողմից, դա պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ համայնքից արտագաղթած շատ ընտանիքներ հաստատվում էին  այդ երկրներում։ ԱՊՀ երկրներում կազմակերպված համախմբվածություն կա, և այդ ընտանիքները օգնություն են ցուցաբերում իրենց համայնքներին։ Վերջին տարիներին եվրոպական երկրների հետ ենք ունենում հանդիպումներ, հատկապես հաջող են ընթանում աշխատանքները ֆրանսիական կողմի հետ, որովհետև այդ երկրի ռեգիոնները նման ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներ ու փորձառություն ունեն։ Սփյուռքի գործոնն աստիճանաբար նվազում է, սկսվեց քույր քաղաքների համագործակցությունից, ապա այն տարածվեց ռեգիոնների միջև։ Մեկ անգամ արդեն ապակենտրոնացման համաժողով ենք անցկացրել, այս տարի երկրորդն ենք նախատեսում։ Ֆրանսիական կողմի հետ հաջող փորձը ուզում ենք տարածել նաև Իտալիայի ռեգիոնների հետ համագործակցություն հաստատելուն։ Այստեղ ևս մեծ հնարավորություններ ենք տեսնում:

Հ.Մ.96 թվականին քաղաքապետարանի արտաքին կապերի բաժնի պետն էի, գնացինք Իտալիա, Երևանը պայմանագիր կնքեց Ֆլորենցիայի հետ, Կոտայքի մարզը` Բարի քաղաքի հետ։

Ա.Գ.-Դրանք շարունակվում են։ Այստեղ ամենակարևորն ինձ համար այն է, որ երբ մեր համայնքների ղեկավարները ունենում են հնարավորություն դուրս գնալ, տեսնել, թե այլ երկրներում իրենց գործընկերներն ինչպես են աշխատում, ձևավորվում է աշխատանքային նոր մշակույթ։ Երբ հետ են գալիս ոգևորված, նոր գիտելիքներով զինված` նոր նախաձեռնություններ են առաջանում նրանց մեջ։ Մենք խրախուսում ենք նման կապերը, չնայած մեր համայնքների հնարավորությունները խիստ սահմանափակ են նման գործերն ընդարձակելու համար։ Այլ երկրների ռեգիոնները ֆինանսական կամ այլ կարգի ռեսուրսներ ունեն նաև այլ ծրագրերի ուղղելու, մինչդեռ մերոնք հազիվ կարողանում են տեղական կարիքները հոգալ։ Ֆրանսիական համայնքների հետ կապի արդյունքում շատ տեղերում մեծացել է ֆրանսերեն լեզվի հանդեպ հետաքրքրությունը։ Արդեն մի քանի դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում է սկսվում։ Օրինակ, Տավուշի մարզում ֆրանսիացի մեր գործընկերոջ աջակցությամբ մի ֆերմերային տնտեսություն բացվեց, որն իր օրինակով յուրահատուկ է և, ըստ էության, ֆերմերային տնտեսություն վարելու նոր մշակույթ է բերում։ Մենք բավական հաջող համագործակցության օրինակներ ունենք Իրանի հետ։ Այնուամենայնիվ, մենք չպետք է մեծ հույսեր կապենք այս հարաբերությունների հետ, սակայն մեր ներսում պիտի ընդունենք նոր մտածելակերպի կարևորությունը, ինչը ձևավորելու հարցում ուրիշների օրինակը նույնպես խիստ կարևոր է։ Դա նույնպես գիտելիք է։

Հ.Մ.Իսկ Արցախի հետ կապերի առումով շարժ կա՞։

Ա.Գ.-Մեր բոլոր մարզերը Արցախի հետ համագործակցության համակարգված ծրագիր են մշակել, և բոլորը ինչ-որ բան անպայման անում են։ Սա ոչ միայն ֆորմալ տեսակետից է կարևոր` գնալ-գալ, այլ որպեսզի այսօրվա երիտասարդությունը կարողանա գնալ և տեսնել, բացահայտել Արցախը և ուղղակի առնչություն ունենալ մոտիկ անցյալի հետ` հասկանա, թե ինչի համար ենք պայքարում, ինչ արժեքներ ենք այնտեղ պահպանում։ Շատ ինտենսիվ աշխատանքներ են տարվում, շնորհակալ եմ մարզպետներից, Արցախում նույնպես հիանալի են վերաբերվում այս ծրագրերին, Հայաստանի ժողովուրդը նույնպես կարիք ունի իր համար բացահայտելու Արցախը, ինչը դժվար է միայնակ անել, հեշտ է` համախմբված, կոլեկտիվ այցելություններով իրականացնել, մեր ժողովրդի պատմությունը տեղում տեսնել։ Դրան մեծապես կնպաստի  նաեւ ավիափոխադրումների խնդրի լուծումը։

Հ.Մ.Սփյուռքահայերի մասին եմ ցանկանում նաև խոսենք։ Շատերը ազնիվ մղումներով, չուզենալով անգամ, որ իրենց անունը նշվի, օգնել են և օգնում են հայրենիքին: Գիտենք նաև դժգոհողների,որևէ վատ օրինակ ուռճացնողների, ովքեր իրենց պասիվությունն արդարացնում են իշխանությունների հանդեպ անվստահության հանգամանքով։ Մի տեսակ էլ կա, որ եկեղեցաշինությամբ է իր պարտքը կատարում հայրենիքի հանդեպ։ Եկեղեցի կառուցելով`  հոգու խորքում իր պարտքը սրբագրում է, և իրեն թվում է, թե ինքը շատ մեծ գործ է անում։ Կարծում եմ, հասունացել է Բարոյական Մանիֆեստի նման` Սփյուռքի Զորակոչ հայտարարելու անհրաժեշտությունը։ Հայաստան ասելով հասկանում ենք և Հայաստան, և Արցախ, և սփյուռք, մենք միասնական ենք, և մարդիկ պիտի գան և մեր երկրի զարգացմանը գործով մասնակցեն, ոչ թե իրենց շարունակ կողքից դիտողի և գնահատողի, քննադատի ու խորհրդատուի դերում տեսնեն։ Սիրիայի հետ կապված դեպքերը ցույց տվեցին մի շատ ցավալի իրողություն, որ հենց նույն հայերն են վտանգի մեջ հայտնված սիրիահայերին խորհուրդ տալիս Հայաստանի հետ գործ չունենալ, մեկ այլ տեղ ապաստան որոնել, որ այստեղ պրոբլեմներ են, որ գնան օտար անորոշություն ավելի լավ է, քան գան Հայաստան։ Սա, պարզապես, ցավալի իրողություն է։ Թշնամու դեմ կարևորագույն հաղթանակ տարած Երկիրը իր զավակների ներկայության, ներգաղթի կարևոր խնդիր ունի։ Եթե երիտասարդները գնում են սովորելու և իրենց կարողություններին համապատասխան աշխատանք գտնելու դրսում, ապա դրսից էլ պիտի գիտելիքներով, ֆինանսներով զինված վերադառնան և գործի լծվեն այստեղ, որտեղ անելիքների մեծ ասպարեզ կա հենց թեկուզ մարզերի վերակառուցման, ժամանակակից զարգացումներն այնտեղ հասցնելու ուղղությամբ։ Դա ի վիճակի է կատարել միայն ժամանակակից գիտելիքներով զինված ուսյալ երիտասարդը: Նրանց համար կայանալու հիանալի հնարավորություն է այդ դաշտը:

Ա.Գ.-Սա շատ հակասական զգացումներ արթնացնող թեմա է։ Արտերկրում շատ անգամ եմ հայտնվել այնպիսի իրավիճակներում, երբ իմ գործընկերների հետ զրույցների ժամանակ խոսում ենք Հայաստանի դժվարությունների ու խնդիրների մասին, և շատերը չեն թաքցնում իրենց զարմանքը, թե ինչու մենք չենք կարողանում լուծել դրանք, երբ դրսում մեր հայրենակիցները բավական հաջողված են, լուրջ ռեսուրսների են տիրապետում։ Չկա մի տեղ, հատկապես Ծոցի երկրներում, որտեղ  իմ գործընկերները չարձագանքեն` այդչափ ունևոր հայրենակիցներ ունենալով հանդերձ` ինչու չեք կարողանում արագորեն ձեր երկրի զարգացման հարցերը լուծել, ինչու չեն նրանք գալիս Հայաստան և միանում ձեզ։ Մի պահ մեր հայրենակիցներից շատերի մոտ երկար ժամանակ իշխում էր այն մոտեցումը, որ հայրենիքում փող աշխատելը սխալ է, և ավելի շատ իրենց ներդրումը տեսնում էին բարեգործություն անելու մեջ։Մյուս կողմից, շատերի համար Հայաստանի շուկան փոքր է այս կամ այն ծրագիրը նախաձեռնելու համար։ Գոյություն  ունի նաեւ տեսակետ, որ  շատ սփյուռքահայեր չեն կարողանում հաջողության հասնել հայրենիքում։  Կարծում եմ, հատկապես վերջին երեւույթը շատ քիչ  դրսեւորումներ ունի։ Սակայն,ի հակակշիռ լավ օրինակների` ինչպես միշտ, հասարակության մեջ  բացասականն ավելի լայն տարածում է  գտնում, քան դրականը։ Մի բան կարող եմ ասել, որ, համենայնդեպս, թե հիմա, թե նախկինում պաշտոնավարման ընթացքում, երբ որևէ գործարար դիմել է ինչ-որ հարցով, առավել ևս` եթե նա սփյուռքահայ է, մենք անպայման արձագանքել ենք։

Կարծում եմ, որ մոտեցումը բոլոր գործարարների հանդեպ նույնը պետք է լինի, օրենքի շրջանակում: Բայց հատկապես գլոբալ ծրագրերն ամենօրյա ուշադրության կենտրոնում ենք պահում։  Եղել են հարցեր, որոնք լուծում չեն ունեցել, հատկապես հարկային օրենսդրության հետ կապված, բայց դրանք քննարկումների արդյունքում հասկացվում և օրակարգից դուրս են գալիս։ Բայց խնդիրները, որոնք սուբյեկտիվ են և լուծում չեն ստանում, իսկապես ներդրողին կարող են հիասթափեցնել։ Մենք ունենք մեծ պոտենցիալ ներդրողների հետ աշխատելու համար։ Համոզված եմ, որ դեռևս չենք կարողանում սփյուռքի մեր մեծ ներուժը ի շահ մեր երկրի օգտագործել։ Բիզնեսն առաջին հերթին պիտի բիզնես լինի, չպիտի պետությունից արտոնյալ պայմաններ ակնկալել: Եթե ծրագիրն իրատեսական է և բիզնես միտում ունի իր մեջ, անպայման պիտի խրախուսել ներդրողին։ Խոստովանեմ, որ ինքս շատ հնարավորություններ չեմ ունեցել նման հարցերով զբաղվել, սակայն պարզ է, որ մենք այդ ռեսուրսը դեռևս լիարժեք չենք օգտագործել։

Մենք գիտենք մեր մարզերի խնդիրները, դրանք ամենօրյա հասանելի տեղեկատվություն են։ Օրինակ, ընդամենը մի քանի օր առաջ, Տավուշի սահմանամերձ գյուղերից մեկում քննարկում էինք մի քանի հարյուր հեկտար տարածքների ոռոգման խնդիրը։ Սահմանային գյուղ է, սովետական պոմպերը չեն աշխատում, բայց կա ինքնահոս եղանակով ջուր բերելու հնարավորությունը։ 230 միլիոն գնահատված ծրագիր է մշակվել, բայց այն մեր գործընկեր կազմակերպությունների համար  հիմնավորված ծրագիր չէ, որովհետև նրանք շեշտը դնում են տնտեսական արդյունավետության  հաշվարկի վրա…Բայց ահա  այդ նույն ժամանակ արգենտինացի մի հայ գործարար նմանատիպ մի ծրագիր իրականացնելու ցանկություն է հայտնել, և մենք նրան առաջարկել ենք սա։ Սա օժանդակության ծրագիր է, ոչ թե բարեգործական, որովհետև ջրի խնդրի լուծման դեպքում լուծվում են սոցիալական մեծ խնդիրներ, մարդիկ սահման են պահում,սահմանին բարիք են արտադրում, արտագաղթն է կասեցվում։

Հ.Մ.-ԿԳՆ նախարարության կոլեգիայի անդամ եմ, տեղյակ եմ, որ մարզերի կրթօջախներում հաճախ իրականացվում է բոլորովին ուրիշ քաղաքականություն: Գուցե մարզերի ղեկավարներն ավելի լավ գիտեն իրենց խնդիրները, բայց մյուս կողմից` կա մշակված ծրագիր, և միջգերատեսչական շահեր են բախվում, նաև կադրերի ընտրության հարցում։

Ա.Գ.-Դրանք միշտ լինելու են, անխուսափելի են, ինձ համար կարևորն այն է, որ բովանդակության առումով շեղում չպիտի լինի, եթե հաստատվել է ծրագիր` այն պիտի անվերապահորեն պարտադիր լինի բոլորի համար։ Ինձ հասած տեղեկությունների համաձայն` հիմնական բախումը լինում է կադրերի ընտրության հարցում։ Մենք կրթական համակարգի վրա  մեծ ուշադրություն պիտի դարձնենք` սկսած շենքային պայմաններից, վերջացրած ուսումնամեթոդական նյութերի մատուցումը։ Մենք շատ փոքր երկիր ենք, ընդամենը 10 մարզ ունենք, չնայած շատ համայնքներ ունենք` 915։ Մեր ուշադրությունը հրատապ ծրագրերով հիմնականում կենտրոնացված է եղել դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, բայց մի դրական միտում տեսնում եմ, համենայնդեպս`  կրթության նախարարությունը անմիջականորեն թեքվել է դեպի կոնկրետ դպրոցներ։ Մի բան է ծրագրեր գրելը, մի այլ բան` կոնկրետ դպրոցներով զբաղվելը։ Մենք պարոն Աշոտյանի հետ այս կամ այն մարզին առնչվող կոնկրետ հարցեր ենք քննարկում։ Սոցիալական փաթեթը ինչ-որ չափով ուսուցիչների խնդիրները թեթևացնում է։ Իմ երկու երեխաները դպրոց են գնում, ինքս էլ հնարավորություն ունեմ անձամբ տեսնելու և դրականը, և բացասականը։ Մեր կրթական համակարգի հիմնական պրոբլեմները սուբյեկտիվ գործոնների հետ են կապված։ Երկրորդ` մեր առջև խնդիր ունենք` սոցիալական վիճակից անկախ` երեխան պետք է կրթված լինի, դա նաև քաղաքացիական դրսևորման առաջին պայմանն է, որպեսզի վաղը նա կարողանա նաև իր համայնքի հոգսերին տեր դառնալ։

Հ.Մ.Բավական դրական տպավորությամբ եմ ավարտում զրույցը։ Մարզերում նոր տեխնոլոգիաների մուտքը թերևս կարագացնի նոր մտածելակերպի ձևավորման և աշխատանքի որակի  բարձրացման մակարդակը։

Ա.Գ.-Մարզերում եւ համայնքներում  աշխատանքի արդյունավետությունն  էականորեն կախված է նոր տեխնոլոգիաների ներդրումից եւ օգտագործումից։

Այս խնդիրն ավելի հեշտ է լուծվում մարզային կառույցներում, որտեղ ավելի շատ մասնագետներ կան, բայց միաժամանակ արվում է հնարավորը, որպեսզի  դա լայն տարածում ունենա համայնքներում։ Մասնավորապես, 250 համայնքներում արդեն ներդրվել են կառավարման տեղեկատվական համակարգեր։ Մի քանի տասնյակ համայնքներ պետական եւ մարզային  մարմինների հետ փաստաթղթաշրջանառությունն արդեն իրականացնում են էլեկտրոնային եղանակով։ Բացի կառավարման արդյունավետությունից, այս նորամուծությունները  նաեւ  ուղղված են տեղական մարմինների  աշխատանքի թափանցիկության բարձրացմանը,  նրանց գործունեության մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելուն։ Տարածքային կառավարման նախարարությունը նաեւ արդյունավետ համագործակցում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  հետ եւ, հուսով եմ, այդ համագործակցությունը կնպաստի  ժամանակակից  տեխնոլոգիաների  արագ տարածմանը մարզերում։

Բացի այդ, մենք  ուշադրություն ենք դարձնում նաեւ նախարարության կայքին,   հետեւում, որ այցելուները կարողանան  մշտապես անհարժեշտ եւ թարմ տեղեկատվություն ստանալ։ Պետական մարմինների կայքերի անկախ մոնիտորինգի արդյունքներով` նախարարության կայքը երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնում  է առաջին տեղը` սկզբի 52 տոկոսից մատչելիության ցուցանիշները հասցնելով 68 տոկոսի։ Դեռ կատարելագործման տեղ կա։  Այնպես որ, թե նախարարությունում, թե մարզերում եւ համայնքերում տեղեկատավական տեխնոլոգիաների  ներդրման եւ արդյունավետ օգտագործման հարցերը մեզ համար օրակարգային են։

Սկզբնաղբյուր՝ Էկոնոմիկա ամսագիր, 1(23) 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s