Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի արդեն հինգերորդ օրն է, եւ երեք քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը, շարունակում են երեւանցիներին ներկայացնել իրենց ծրագրերն ու մոտեցումները` կապված Երեւանի ապագայի հետ:
«ՈՐԵՎԷ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔ ՄԵՐ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»
–Ինչպե՞ս կգնահատեք նախընտրական քարոզարշավի ընթացքն այս փուլում:
– Բավական հանգիստ, դրական մթնոլորտում է ընթանում քարոզարշավը: Մեր թիմը, քարոզարշավի հետ կապված, որդեգրել է այնպիսի մոտեցում, որ անմիջական զրույցներ պետք է լինեն մեր քաղաքացիների հետ: Որեւէ պիտակավորում, որեւէ վիրավորական խոսք մեր ընդդիմախոսների վերաբերյալ չի լինելու: Հասկանալի է` կան մարդիկ, որոնք չեն ցանկանա հանգիստ անցնի քարոզարշավը, բայց, միեւնույնն է, փորձելու ենք անել առավելագույնը, որպեսզի ընտրարշավի ժամանակահատվածը հանգիստ անցնի, եւ մարդիկ հնարավորություն ունենան կողմնորոշվելու եւ իրենց գնահատականները տալու տարբեր թիմերի մոտեցումների ու ծրագրերի վերաբերյալ:
– Սակայն մրցակից թիմերը հենց քարոզարշավի մեկնարկին սկսեցին առավել շատ քաղաքական հայտարարություններ հնչեցնել եւ քննադատել իշխանություններին, քան ներկայացնել իրենց ծրագրերը:
– Կարծում եմ` երեւանցին պետք է ոչ թե ընտրություն անի` սեւեռվելով քաղաքական հայտարարություններ անող տարբեր ուժերի հռետորական ձիրքի վրա, այլ ընտրի արդյունավետ աշխատանք ապահովող կամ որոշակի վստահություն ներշնչող քաղաքային տնտեսության մասնագետներին, որոնք ժամանակին աշխատել են եւ այսօր էլ շարունակում են աշխատել: Քաղաքական հայտարարություններ արվում են, որովհետեւ քաղաքական ուժեր են մասնակցում ընտրություններին, որոնք փորձ չունեն քաղաքային տնտեսության կառավարման: Բնական է, մեր թիմը հիմա հաշվետու է երեւանցիների առաջ` իր կատարած աշխատանքի համար, իսկ մեր ընդդիմադիրները պետք է խոսեն չարած աշխատանքների մասին: Իհարկե, քննադատել միշտ էլ կարելի է: Ավելին՝ հեշտ է քննադատել մարդկանց, որոնք տարիներով աշխատանք են կատարել, մանավանդ քաղաքային տնտեսության ոլորտում, որովհետեւ անընդհատ կարող ես թերություններ տեսնել: Հերիք է փողոց դուրս գաս եւ անհնարին է, որ չտեսնես քաղաքի թերություններն ու առավելությունները եւ սա բնորոշ է բոլոր քաղաքներին: Ի դեպ, ասեմ, որ շատ հարցերում մենք մրցակցային լուրջ առավելություններ ունենք անգամ եվրոպական, ամերիկյան քաղաքների հետ համեմատության մեջ:
«ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ, ԻՍԿԱՊԵՍ, ԵՐԵՎԱՆՆ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՆՔ ԴԱՐՁՐԵԼ»
– Քաղաքապետի թեկնածուներից Նիկոլ Փաշինյանը հանուն Երեւանի սկսեց երգել, Զարուհի Փոստանջյանը` հեծանիվ քշել, իսկ ինչո՞վ կառանձնանա ՀՀԿ-ի թիմը:
– Երբ քո արած աշխատանքը հանրությանը չես կարող ներկայանցել օբյեկտիվ պատճառներով, որովհետեւ այդ գործընթացի մեջ չես եղել, ապա բնական է, որ տակտիկական նկատառումներից ելնելով` պետք է ինչ-որ օրիգինալ, ոչ ստանդարտ բաներ անես, որպեսզի մարդիկ դրա վրա ուշադրություն դարձնեն: Այնպես որ, միգուցե, մեկ-մեկ էլ երգել է պետք: Օրինակ, օրերս Հանրային հեռուստատեսությունում հարցազրույցի ժամանակ վերջում ինձ անակնկալ հարց տրվեց, թե կարո՞ղ եք երգել Երեւանի հիմնը: Անակնկալի եկա, բայց ասացի, որ երգել շատ եմ սիրում, սակայն իմաստ չկա հիմա երգելու, որովհետեւ այդ երգն իմ շուրթերին է եղել մանկուց: Ինքս Էրեբունիում եմ ապրել եւ Էրեբունի-Երեւանի 2750-ամյակի տոնակատարությունից սկսած, երբ դեռ երկրորդ դասարանում էի, ջահերով բարձրանում էինք Էրեբունու բլուրի վրա եւ այդ երգն էինք երգում:
– Ձեր դիտարկմամբ` հաջողվե՞ց ՀՀԿ-ին նախորդ հինգ տարիների աշխատանքի արդյունքում իրականացնել «Ավելի լավ Երեւան» ունենալու տեսլականը:
– «Ավելի լավ Երեւան» կարգախոսը իրականում կարելի է միշտ էլ ունենալ, այսինքն` տարիներ հետո էլ կարելի է ասել, որ մենք ուզում ենք ավելի լավ Երեւան ունենալ: Համոզված եմ, որ չորս տարի առաջվա կարգախոսին համաձայն` մենք ինչ-որ տեղ, իսկապես, Երեւանը ավելի լավն ենք դարձրել: Օրինակ, վերջերս շատ է խոսվում քաղաքի մաքրության մասին, դուք ի՞նչ եք կարծում` Երեւանը մաքո՞ւր քաղաք է:
– Բաժակը ինչպես կարելի է տեսնել կիսով չափ դատարկ, այնպես էլ` կիսով չափ լիքը: Հավանաբար, այս հարցում նույնը կարելի է ասել Երեւանի մաքրության մասին…
– Եկեք օբյեկտիվ լինենք, տաքսու վարորդները, որոնց աշխատանքը սկսվում է ժամը` 5-6-ից, կփաստեն, որ Երեւանն առավոտյան ժամերին փայլուն վիճակում է գտնվում, որովհետեւ ամբողջ գիշեր այն մաքրվում է: Իսկ առավոտվա 9:30-ից սկսած` Երեւանը սկսում է կեղտոտվել: Բնական է, մարդիկ դուրս են գալիս բնակարաններից, գնում են աշխատանքի, զբոսնելու, երթեւեկում են… Բայց ինչո՞ւ ենք անընդհատ խոսում այն մասին, որ եթե ինչ-որ մի բան այն չէ` նույն մաքրման հետ կապված, ապա քաղաքային իշխանությունն է մեղավոր: Ինձ թվում է` սա համահայկական հարց է: Ավելի ճիշտ` համաերեւանյան, որովհետեւ ունենք հայկական մի քաղաք, որտեղ ոչ միայն առավոտյան է մաքուր, այլ օրվա 24 ժամում: Խոսքն իհարկե Ստեփանակերտի մասին է: Ինչքան ենք բոլորս տեսել, որ վարորդները մեքենան վարելիս ծխախոտի դատարկ տուփերը նետում են փողոց եւ մտածում ես՝ այս մարդը տանն է՞լ է նույն բանն անում: Համոզված եմ, որ չի անում, բայց տնից դուրս՝ իր դռան դիմացի 30×40 սմ-ի վրա մետլախից այն կողմ իրենը չի համարում: Դրանից այն կողմ քաղաքապետարանը, համատիրությունները, իշխանությունները, բոլորը, բացի իրենից, մեղավոր են, որ քաղաքը մաքուր չէ: Մեր քաղաքում տան, օջախի զգացում մեր համաքաղաքացիներից շատերի մոտ, ցավոք, չկա: Շատ կուզեինայի, որ հաջորդ տարիներին հենց նույն ավագանին հանրային տարբեր հարթակներում այս հարցերը բարձրացներ, որովհետեւ մեզ պետք են սոցիալական գովազդներ այս առումով, որոնք մարդկանց կրթելու եւ դաստիարակելու խնդիր կլուծեն:
«ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԷ»
–Երեւանի հաջորդ, թերեւս ամենախոցելի խնդիրներից է տրանսպորտը, եւ այս առումով` Ն. Փաշինյանը հայտարարում է, թե իր ընտրվելու դեպքում գազելներից կազատվի երեւանցին:
– Եթե որեւիցե մեկի մտքով անցնում է, որ ինքը կգա քաղաքային իշխանության եւ մի քանի օրվա ընթացքում հրամանագրեր գրելով` քաղաքում կարգուկանոն կլինի, կարծում եմ` սխալվում է: Քաղաքային տնտեսությունը կենդանի օրգանիզմ է, որի հետ շատ զգույշ է պետք վարվել: Իհարկե, տրանսպորտային հարցն ամենախոցելի խնդիրներից մեկն է այսօր, որն իրականում այս տարիների ընթացքում մեզ չի հաջողվել լուծել: Բայց արդեն տեւական ժամանակ է` Ասիական բանկի միջնորդությամբ աշխատանք է տարվում, որպեսզի համաշխարհային խորհրդատվական շատ կարեւոր ընկերությունը, որը հայտնի է մեգապոլիսների քաղաքային տրանսպորտի բարելավման համալիր ծրագրեր ներկայացնելու հարցում, հունիսի սկզբին ներկայացնի ծրագիր, որի հաստատումից հետո հստակ կիմանանք, թե մեզ ինչպիսի քաղաքային տրանսպորտային ցանց է պետք: Սա շատ բարդ խնդիր է: Մեծ քաղաքներում 500 մետրից պակաս պետք է կանգառներ չլինեն, իսկ մեզ մոտ բոլորին թվում է, որ երբ ինքն իր շքամուտքից դուրս եկավ, ապա հենց այդտեղ անպայման պետք է կանգառ լինի: Եվ եթե կանգառ չեղավ, ուրեմն՝ քաղաքապետարանը մեղավոր է, իր մասին չի մտածում: Մինչդեռ կան միջազգային ստանդարտներ, որոնք անհրաժեշտ է պահպանել, որպեսզի խցանումներ չլինեն այդ կանգառներում: Հիմա մտածում ենք, որ մեզ հիմնականում պետք են միջին եւ մեծ տրամաչափի ավտոբուսներ, ոչ թե գազելներ եւ երթուղայիններ: Ինչպես նաեւ նախատեսում ենք միացյալ էլեկտրոնային վճարման համակարգ ստեղծել, որի արտոնություններից պետք է օգտվեն տարբեր սոցիալական խմբեր:
– Ձեր ընդդիմախոսներն այս օրերին հաճախ նշում են, թե մի՞թե պետք էր սպասել հերթական ավագանու ընտրություններին, որպեսզի լուծումներ գտնվեր տրանսպորտային խնդիրների հետ կապված:
– Ընտրություններից առաջ չէ նախաձեռնվել, այլ վաղուց այս բանակցություններն ընթանում էր միջազգային խորհրդատվական ընկերության հետ: Այս ամենը հեշտ չէ, դու պետք է նաեւ ինչ-որ ձեւով կարողանաս հասկանալ, թե քո հնարավորություններն ու ռեսուրսները բավարարո՞ւմ են որեւէ հեղինակավոր խորհրդատվական ծառայությանը պատվեր տալու համար, թե` ոչ: Ընդհանրապես ցանկացած միջազգային օպերատորի հետ բանակցելը երկարատեւ գործընթաց է եւ մի օրվա մեջ չի լինում:
«ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ Է»
– Ի դեպ, մամուլի աչքից չվրիպեց այն, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերության Ձեր աշխատակիցներից մեկը` Դավիթ Խաժակյանը, հայտնվել է «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակում: Կարելի՞ է համարել, որ սրանով նոր քաղաքական մշակույթ է ձեւավորվում Հայաստանում:
– Ինչո՞ւ միայն Դավիթ Խաժակյանը, «Ելք» դաշինքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Մանե Թանդիլյանը եւս «Սինոփսիս Արմենիայից» է: Սա շատերին զարմացնում է, որովհետեւ խորթ է հայկական միջավայրի համար, երբ ընկերության տնօրենը հանրային մի մոտեցում ունի, իր աշխատակիցներից շատերը մեկ այլ: Բայց մեր ընկերությունն իր գաղափարախոսությամբ` քաղաքական գործընթացներից դուրս է: Մեր գործատուն Միացյալ նահանգներում է եւ շատ գոհ է մեր աշխատանքից, որովհետեւ այն գործառույթները, որոնք մեր առաջ դրվում են, կատարում ենք, եւ այն քաղաքական գործընթացներից բացարձակապես դուրս է: Մեր ընկերության ամենամեծ ձեռբքերումն այս տարիների ընթացքում հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտն է, անկախ նրանից, թե ով ինչ կուսակցությունից է: Դավիթ Խաժակյանին եւ իր նման երիտասարդներին շատ հարգում եմ եւ շատ կուզենայի, որ հենց Դավիթի նման մարդիկ լինեին ավագանու կազմում, որովհետեւ նա քաղաքացիական հստակ դիրքորոշում ունի: Նա, ինչպես եւ իր ընկերներից շատերը, կարծում են, որ աշխարհը իրենք կարող են փոխել, հարգում եմ իրենց այդ զգացումները, որովհետեւ ինքս էլ համոզված եմ, որ քաղաքացիական շարժումներն են, որ ապագայում պետք է մեծ հաջողություններ ունենան: Կարծում եմ` ավագանիում այդ սիմբիոզը պետք է աշխատի` փորձառության եւ երիտասարդական ավյունի:
«ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԷ»
– Ըստ Ձեզ, ինչո՞ւ պետք է Երեւանի ավագանու ընտրություններին երեւանցին քվեարկի ՀՀԿ-ի եւ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին:
– Բավական մեծ ծավալի աշխատանքներ են արվել Երեւանում այս տարիներին, ու դեռ կիսատ մնացած գործեր կան, որոնք շարունակական ծրագրերով են իրականացվում: Ուստի` ուղղակի դիմելու ենք մեր հանրությանը, որ եթե դուք մեզ վստահեք, պատրաստ ենք այդ ծրագրերը հասցնել իրենց ավարտին: Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին, նրա մրցակցային առավելությունները ճարտասանության մեջ չէ, այլ նա գործի մարդ է: Չեմ հիշում, թե վերջին անգամ արձակուրդ երբ է գնացել, ավելին` երբեմն տեսնում եմ, որ երեկոյան ժամը` 22:00-ին էլ նստած աշխատում է: Ուղղակի, Երեւանի խնդիրներն այնքան շատ են, որ հարցերը օպերատիվ լուծելու անհրաժեշտություն է լինում: Տ. Մարգարյանն իր քաղաքն, իսկապես, շատ անկեղծ սիրում է, սիրում է իր համաքաղաքացիներին, եւ, իմ կարծիքով, շատերի կողմից ընդունված կերպար է: Եվ ամենակարեւորը` նա ընտանեկան արժեքներ դավանող մարդ է, 6 երեխաների հայր: Նա այս տարիների ընթացքում կայացել է որպես քաղաքային տնտեսությունը համակարգող, ղեկավարող գործիչ, եւ պետք է նորից իրեն շանս տանք:
– Ն. Փաշինյանի կարծիքով` քարոզարշավի գլխավոր ինտրիգը լինելու է այն, թե կկայանա՞ բանավեճ քաղաքապետի թեկնածուների միջեւ, թե` ոչ: Տեսնո՞ւմ եք դրա անհրաժեշտություն:
– Քաղաքապետի թեկնածուների միջեւ բանավեճի որեւէ անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետեւ այդտեղ բանավեճ չի լինի, այլ հարցուպատասխան: Երբ դու պատասխանատու ես եղել մի ոլորտի համար եւ մեծածավալ աշխատանքներ ես արել, իսկ մյուս կողմը այդ գործընթացների մեջ չի եղել, կստացվի, որ նա պետք է հարցնի միայն չարած աշխատանքների մասին: Այդ դեպքում ի՞նչ բանավեճի մասին է խոսքը: Բանավեճ միայն կարող է լինել Երեւանի ապագա տեսլականի վերաբերյալ, բայց դրա կարիքն էլ չկա, որովհետեւ ցանկացած երեւանցու էլ հարցնես, ամեն մեկն իր տեսլականն ունի մեր քաղաքի մասին: Տարոն Մարգարյանը քարոզարշավի ընթացքում Երեւանի բոլոր բակերում, վարչական շրջաններում լինելու է, բազմաթիվ հարցեր են իրեն տրվելու եւ դրանց պատասխանները ներկայացվելու է հանրությանը: Վերջապես այդ բանավեճերն ինքնանպատակ չեն, որ ցույց տաս, թե ինչ հռետոր եմ ես, ինչ սուր միտք ունեմ: Բանավեճի հիմնական նպատակն այն է, որ հանրությունը տեսնի, թե ինչ հարցադրումներ են հնչում եւ ինչ պատասխաններ են տրվելու: Համոզված եղեք, որ այս երեք շաբաթների ընթացքում բազմաթիվ հարցեր կլինեն եւ այդ հարցերի պատասխանները կտրվեն կոնկրետ մարդկանց կողմից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ