Հայաստանը հավակնություններ կունենա էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի ոլորտներում. ժամանակն է, որ խոսենք բարձր տեխնոլոգիաներից. Հովիկ Մուսայելյան

Tert.am-ը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ զրուցել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, հեռանկարների և խնդրահարույց կետերի մասին: Զրույցի ընթացքում Մուսայելյանը նկատեց, որ ՏՏ ոլորտը ՀՀ տնտեսությանը աճ բերողներից է, սակայն շեշտեց, թե չի ցանկանում գերագնահատել  իրավիճակը: Նրա խոսքով՝ առաջիկա 5 տարիների ընթացքում ֆանտաստիկ փոփոխություններ են սպասվում այս ոլորտում, և մենք պետք է պատրաստ լինենք, կարողանանք համահունչ լինել, որ գոնե կարողանանք ինչոչ քայլեր անել:

Պարո՛ն Մուսայելյան, բազմիցս ասվում է, որ ՀՀում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա շահ է և հիմնական զարգացող ուղղություն: Այս ոլորտում մենք միջազգային շուկային համընթա՞ց  ենք քայլում:

– Ոլորտն, իսկապես, գերակա ճյուղ է Հայաստանում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ երկրում միակ ճյուղն է, որը երկրի համար երկնիշ աճ է արձանագրում արդեն բավական երկար ժամանակ: Միևնույն ժամանակ չէի ցանկանա գերագնահատել մեր հնարավորությունները, բայց այն, ինչ ունենք, մեզ կտանի բավականին հետաքրքիր զարգացումների շեմ: Այսօր աշխարհն այս ոլորտում շռնդալից առաջընթաց է արձանագրում, այն աստիճան, որ դժվար է անգամ հետևելը: Առաջիկա 5 տարիների ընթացքում ֆանտաստիկ փոփոխություններ են սպասվում այս ոլորտում, և մենք պետք է պատրաստ լինենք, կարողանանք համահունչ լինել, որ գոնե կարողանանք ինչ-ոչ քայլեր անել:

Գործադիր մարմնի ղեկավարները հայտարարում են, որ  աջակցում են այս ոլորտին, իսկապես կա՞ն համապատասխան ներդրումներ ու աջակցություն:

– Վարչապետը հենց առաջին իսկ օրվանից մի քանի ամիս հետևողականորեն հանդիպումներ էր կազմակերպում տարբեր խմբերի, միությունների հետ, որպեսզի կարողանա հասկանալ, թե այս ոլորտն  իրականում հավելյալ ինչ արժեք կարող է ստեղծել՝ և՛ բյուջեի, և՛  երկրի ապագա զարգացման առումով: Կարծում եմ՝ այս առումով ընտրությունները խանգարեցին, որ այդ հետևողականությունն առավել ցայտուն լիներ: Գտնում եմ, որ շատ կարճ ժամանակ հետո այդ հանդիպումները կվերսկսեն, ինչը կբերի նրան, որ մենք կոնկրետ ուղենիշ ունենանք: Նոր բացված «Գերազանցության» կենտրոնն այս առումով կաջակցի, քանի որ մենք միշտ ասում ենք տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական հեռահաղորդակցային ոլորտ և այլ, սակայն նոր այս կենտրոնը ցույց տվեց, որ ՀՀ-ն հավակնություններ կունենա էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի ոլորտում: Արդեն ժամանակն է, որ մենք խոսենք բարձր տեխնոլոգիաներից, այլ ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաներից:

Արդյո՞ք մեր բուհերի պատրաստած կադրերն այնպիսին են, որ կարողանան արագ հարմարվել Ձեր ասած նորարարություններին: Այս ոլորտում մեր կրթությունը մրցունակ է:

– Մենք միշտ ասում ենք որակյալ, մրցունակ կրթություն, բայց պետք է հաշիվ տանք, որ դա մի դեպքում կարող ենք ապահովել, այս դեպքում, երբ համալսարաններն արդյունավետ համագործակցություն ունեն մասնավոր հատվածի հետ, ինչպես օրինակ՝ «Գերազանցության» կենտրոնը կամ մեր ՝ «Սինոփսիս» և համալսարանի համագործակցությունը և այլն: Եթե խոսում են զուտ կրթական պրոցեսի մասին, ապա հարց է առաջանում՝ աշխատաշուկան  ինչպես է արձագանքում դրան, քանի որ աշխատաշուկան կարող է դրական արձագանքել միայն այն դեպքում, երբ բուհերի շրջանավարտները պահանջված լինեն մասնավոր հատվածի  կողմից:

Այսօր բուհերի ու մասնավոր հատվածի համագործակցությունն ակտի՞վ է, թե դեռ աշխատելու շատ տեղ կա:

– Որոշ ճյուղերում ակտիվ է, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, «Սինոփսիս»-ն էլ մի քանի համալսարաններում ամբիոններ ունի և ավարտողներն անմիջապես ընդունվում են աշխատանքի: Կարծում եմ՝ «Գերազանցության» կենտրոնի բացումից մի քանի տարի հետո մենք նույն պատկերը կունենանք նաև էներգետիկայի և էներգոտեխնիկայի ոլորտում:

Ներկա դրությամբ կա՞ մի ճյուղ, որը հեռանկարային է, սակայն դեռևս համապատասխան շեշտադրում արված չէ:

– Տեղեկատվական տեխնոլոգիաները մի քանի ճյուղեր ունեն, ու չես կարող բոլոր ճյուղերում մրցունակ լինել: Պետք է ընտրել այն ճյուղը, որտեղ գործոններ կան և կարող ես լուրջ հաջողության հավակնել: Իմ խորին համոզմամբ՝ այդ ճյուղը միկրոէլեկտրոնիկան է, որովհետև խորհրդային միության ժամանակ էլ խորհրդային Հայաստանի առաքելությունը միկրոէլեկտրոնիկան էր: Այն ժամանակ 20 հազար որակյալ կադրեր կային այս բնագավառում աշխատող, ցավոք սրտի,  խորհրդային միության փլուզումից հետո այս ոլորտում շատ կորուստներ եղան: Սակայն էլի ինչ-որ բաներ մնացել էին, ինչն օտարերկրյա ընկերությունների ուշադրությունը սևեռեց Հայաստանի վրա, որոնք իրենք մասնաճյուղերը բացեցին: Ինչո՞ւ օտարերկրյա ընկերություններն իրենց ուշադրությունը չսևեռեցին Վրաստանի, Ադրբեջանի վրա, որովհետև ՀՀ-ում կային մասնագետները, ավանդույթները, գիտական տարր, որի վրա կարելի էր ապավինել ու, նոր մշակույթ բերելով, արդյունքի հասնել: Միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում մենք այսօր էլ բավական հաջողություններ ունենք, որովհետև միկրոսխեմաների նախագծման ասպարեզում աշխարհի 3 գիգատներից 2-ը՝ «Սինոփսիս»-ը և «Մենթոր գրաֆիկս»-ը, ՀՀ-ում են, իսկ նման օրինակ մեր տարածաշրջանում չկա: Մենք սրանից պետք է փորձեն հետևություններ անել:

Խոշոր ծրագրեր իրականացնելիս հայաստանյան կադրերը բավարարո՞ւմ են, թե ստիպված եք լինում դիմել օտարերկրյա մասնագետների օգնությանը:

– Կարծես թե մենք մեր խնդիրները լուծում ենք, մեր պետքերը հոգում ենք՝ ամբիոններ բացել ենք տարբեր համալսարաններում և այլ: Բայց շատ անգամ մեզ պետք են լինում փորձառու ու որակյալ կադրեր, որոնք ունեն աշխատանքային փորձ, այ այստեղ ենք մենք դժվարանում: Նման պարագայում այլ ընկերություններից պետք է մարդ բերես, իսկ այս մարդիկ այնքան բարձր են վարձատրվում, որ նույնիսկ անիմաստ է ավելի բարձր տալ՝ բերելու համար: Նման գործելաոճ մեծ ընկերություններին հատուկ չէ, քանի որ շատ աշխատակիցներ են պետք և 1-2 մասնագետ բերելով խնդիր չես լուծի, դա անում են ավելի փոքր կալիբրի ընկերությունները, որոնց մի քանի որակյալ մասնագետ է պետք, իսկ նրանք մեր նման ընկերություններից են տանում: Ստացվում է, որ փոքր ընկերությունները կրթության մեջ ներդնում չեն անում, բայց մի քիչ ավելի բարձր աշխատավարձ են տալիս մի քանի հոգու և տանում մասնագետին, քանի որ տվյալ մասնագետը երկրում սոցիալական խնդիր ունի:

Եթե ոլորտը զարգանում է, հեռանկարները լուրջ են, ինչո՞ւ են այս ոլորտի մասնագետներն արտագաղթում և օտարերկրյա ընկերություններին նախապատվություն տալիս:

– Ցավոք սրտի, բազմիցս բախվել եմ Ձեր ասած խնդրին, մեր աշխատակիցներից էլ  արտագաղթել են: Իհարկե, արտագաղթելով նրանք որոշ երկրներում գտնում են իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք, պահանջված են ու բարձր աշխատավարձ են ստանում:  Իրականում, երբ հաշվի ես առնում նրանց սպասվող ծախսերն ու աշխատավարձը, հասկանում ես, որ ՀՀ աշխատավարձից շատ բարձ չէ:  Այստեղ խնդիրն այն է, որ երիտասարդ ընտանիքները, որտեղ թե՛ կինը, թե՛ ամուսնին ՏՏ ոլորտի մասնագետներ են, բախվում են բնակարանի խնդիրն:  Խնդիրն այն է, որ  անգամ բարձր աշխատավարձ ստանալով չեն կարողանում բնակարան գնել, տարիներ է պետք գումար  հավաքելու համար: Մարդիկ, որոնք բնակարանային խնդիր չունեն, իրենք  կրթությունը ստանում են իրենց երկրում, աշխատում են իրենց երկրում  և արարում են իրենց երկրում:

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s