Ամսագրի խմբագրական խորհրդի անդամ դառնալով` տեխնիկական գիտությունների թեկնածու, ՏՏ ոլորտի կայացման ուղղությամբ համախոհների կուռ թիմի և կոնկրետ իր ղեկավարած համբավավոր ընկերությունների արդյունավետ աշխատանքով հանրությանը հայտնի Հովիկ Մուսայելյանը լրջորեն աջակցեց ամսագրի էջերում այս ոլորտի հաջողությունների ու խնդիրների ներկայացման և լուծման ընթացքի վավերագրմանը: Կարծես թե տարեցտարի առաջ շարժման պատկերը ներկայացված է ամսագրի թողարկումներում:
Հետևելով այդ ընթացքին` մենք ցանկանում ենք տեսնել այսօրվա հանգրվանը, ապագայի համար տեսանելի և դեռևս աներևույթ ակնկալիքները:
Արտավազդ Թադևոսյան – «ԼԵԴԱ սիսթեմզ»-ի տնօրենների խորհուրդը (որի միայն նախագահն էր հայ) սկզբում բավական թերահավատորեն էր վերաբերվում Հայաստանում մասնաճյուղ ունենալու գաղափարին: Սակայն երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում նրանք ընդունեցին, որ Հայաստանում ինժեներական միտքը ի զորու է լուծելու ամենաբարդ խնդիրները:
Առաջին օրերին բարձր որակավորում ունեցող ինժեներների թիվը 10-ն էր: Թվում էր` հայաստանյան աշխատաշուկայում առկա են սովետական տարիներից ժառանգություն մնացած բարձր որակավորում ունեցող ինժեներներ, սակայն շուտով արտասահմանյան պատվերների պահանջներին համապատասխան աշխատակիցների ընտրության գործընթ ացը հանգեցրեց ընկերության կողմից կադրային յուրօրինակ քաղաքականության մշակման անհրաժեշտությանը: Լուրջ մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ էին տարիներ, ինչպես նաև` խոշոր ներդրումներ:
Ընկերությունում կատարված նախագծերը ֆայլերի տեսքով ուղարկվում են Թայվան: Այնտեղի գործարանները դրանց հիման վրա արտադրում են միկրոսխեմաներ, որոնք օգտագործվում են միկրոէլեկտրոնային արդյունաբերության մեջ: Ընդգրկույթը` կենցաղային տեխնիկա, բժշկություն, ռազմական արդյունաբերություն, կյանքի բացարձակապես բոլոր ոլորտներ: Continue reading









