
Ես կարծում եմ …
Աստծո շնորհը
Ներելու կարողությունը Աստծո շնորհն է: Եթե չես կարողանում ներել` վտանգավոր է: Աշխատանքում, ընտանիքում, ընկերական հարաբերություններում չներես` չես ունենա վստահության այն բաժինը, որն օգնում է գտնել տեղը հասարակության մեջ: Ներողամտությունն ամրապնդում է ընկերությունը: Գիտես ընկերոջդ, նրա ուժեղ եւ թույլ կողմերը: Դու ներողամիտ ես նրա թուլությունների հանդեպ: Նա էլ քեզ է ներել քո բացթողումների համար: Միայն այս դեպքում է հնարավոր կառուցել ջերմ ընկերական հարաբերություններ: Իմ ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է: Եթե որևէ մեկն ընտանիքը չի համարում իր ամենամեծ ձեռքբերումը, ուրեմն կյանքում քիչ բաների է հասել: Ընտանիքում հաջողակ չլինելով, չես կարող լիաժեք լինել: Պետք է ներդաշնակ լինել այն միջավայրում, որտեղ արարում ես, ապրում ու աշխատում:
պատահականություն
Ընտանիքի կազմավորումը ճակատագրի բերումով պատահականությունների շարք է: Եթե ես չորոշեի ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցն ավարտելուց հետո գնալ Պոլիտեխնիկ, կամ այն ավարտելուց հետո չգործուղվեի Էջմիածին` տնաշինական կոմբինատում աշխատելու, կկատարեի այլ ընտրություն եւ կունենայի ուրիշ ընտանիք:
մնացած կյանքի առաջին օրը
Մենք` հայերս, ընտանեկան արժեքնեը վեր ենք դասում ամեն ինչից, շարունակում ենք հոգալ մեր երեխաների կարիքները, և մեր հոգատարությունը երբեմն վնասում է իրենց: Ծնողի համար երեխաները միշտ փոքր են, հոգատարության կարիք ունեն, բայց մի օր հասկանում ես, որ նրանք արդեն կայացած են, ու պետք չէ խառնվել նրանց կյանքին: Մենք փորձում ենք անընդհատ օգտակար լինել: Երբ երիտասարդ ես ու կյանքն առջևում է, քիչ ժամանակ ես տրամադրում նրանց, իսկ երբ թոռնիկ է ծնվում` վերաարժեքավորում ես կյանքդ: Թոռնիկը թուլություն է: Երեխայի հետ հարաբերությոններում լրիվ ուրիշ մարդ ես դառնում: Երեխայի ծնունդը հրաշք է, նրա հետ ես կապում բոլոր այն նպատակները, որոնք չես իրականցրել: Երիատասարդ տարիքում երբեք չես մտածում, ինչքան է մնացել, բայց մեծանալով ու իմաստնանալով հասկանում ես, որ ամեն օրը մնացած կյանքի առաջին օրն է: Continue reading →